ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով դատական կարգադրիչների ծառայությունում բացահայտված խոշոր յուրացումներին դեպքին, ասաց, որ որպես արդարադատության նախարար՝ իրեն մեղավոր չի համարում: Ավելին, նա ապուշություն է համարում այն տեղեկությունները, որ գողացված փողերով կիսվել են իր հետ:
Հիշեցնենք, որ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում: Պարզվել էր, որ մի քանի տասնյակ անձինք գրանցված են եղել դատական կարգադրիչների ծառայությունում, սակայն չեն ներկայացել աշխատանքի, փոխարենը նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են ընդհանուր իրավասության տարբեր դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ ծկիկը գլորվում ու հասնում է մինչեւ անգամ դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ: 
Այսպես, գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 314-րդ հոդվածով (պաշտոնական կեղծիքը): Արդեն իսկ երեկվա դրությամբ որպես մեղադրյալ են ներգրավվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում: Ավելին, երեկ ոստիկանությունում հարցաքննվել  է դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, որին ավելի ուշ ստորագրությամբ ազատ են արձակել: Եվ այսպես, այն, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, վկայում է օրեցօր մեղադրյալների ավելացող թվի անբացատրելի քանակը, իսկ թե ինչ վերջաբան կունենա այս պատմությունը, կապրենք, կտեսնենք: 
“Ժողովուրդ”-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել, թե ինչպես է նա վերաբերում նշված յուրացումների փաստին:
-Նախաքննություն է ընթանում, եւ ես այս պահին որեւէ բան չեմ կարող ասել: Առհասարակ, որպես իրավաբան, որպես արդարադատության նախարար՝ որեւէ միջամտություն այդ ամբողջ  պրոցեսներին չեմ կարող ունենալ: Վատ է այն, որ հենց դատական դեպարտամենտում, որը կոչված է ապահովելու դատական իշխանության բնականոն գործունեությունը, նման երեւույթ կա: Իրոք ցավում եմ:
-Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Հազարավոր բաների:
-Կոնկրետ ինչի՞:
-Վատ աշխատանքի, մյուսի, մյուսի եւ այսպես շարունակ:
-Իսկ Դուք՝ որպես ՀՀ արդարադատության նախարար, այս ամենում Ձեր մեղքը չե՞ք տեսնում:
-Գնացե՛ք, որեւէ մարդու հարցրե՛ք, թե արդարադատության նախարարությունը դատական դեպարտամենտի հետ ինչ առնչություն ունի. ավելի շատ մեղք ունեմ, եթե կարմիր լույսի տակով ինչ-որ մեկն անցավ, քան թե այս ամենի մեջ:
-Միգուցե Դուք Ձեզ մեղավոր չեք համարում, բայց, ըստ շրջանառվող տեղեկությունների, դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցները միայնակ չէին կարող այս կարգի յուրացումներ իրականացնել, նրանք Ձեր “դաբրոն” են ունեցել, ասել է թե՝ այդ գողացված գումարով Ձեզ հետ “կիսվել” են:
-Ուրեմն այդպիսի բան ես չեմ լսել, բայց այն, ինչ ասում են, հիմարություն է եւ ապուշություն:
Մեկ րոպե սպասե՛ք, սա դեռ վերջը չէ:”Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կատարվածը խիստ զայրացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա նախատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, թե ինչու չի վերահսկել իրավիճակը, ու անգամ դրված է նրա պաշտոնանկության (ստիպողական հրաժարականի) հարցը:
-Ես նման տեղեկություն չունեմ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 626 համար




Լրահոս