Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ, ըստ որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5, ապա եւս 2 շրջաններ:
Նկատենք, որ այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն հերքում տարածեց, որտեղ, սակայն, շրջանների հանձնման հնարավորությունը բացառող որեւէ ձեւակերպում չկար: «Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- նշված էր ԱԳՆ հայտարարությունում:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ
-Պարո՛ն Հյուսնունց, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում կողմերը համաձայնության են եկել, որ փուլային տարբերակով Ադրբեջանին պետք է հանձնվեն ԼՂՀ 5, ապա եւս 2 շրջաններ: Ձեր մեկնաբանությունը:
-Ադրբեջանի ադմինիստրացիան ցանկացած անհեթեթություն, ցանկացած մեկնաբանություններ կարող է տարածել, դա մեզ չի վերաբերում, մենք ապրում ենք մեր առօրյա կյանքով, շարունակում ենք կառուցել մեր պետականությունը: Մեր սահմանները անառիկ պահպանվում են, բանակը շարունակում է կատարել իր առաքելությունը, մենք էլ մեր առաքելությունը: Ղարաբաղում որեւէ արտառոց բան չի կատարվում, նմանատիպ խոսակցություններ նույնիսկ մեր ներսում չկան, իսկ Ադրբեջանի այդ անհեթեթությունները մենք չենք պատրաստվում մեկնաբանել, որեւէ խուճապ չկա:
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ պետք է հանձնվեն 5 շրջանները …
-Այդպիսի բան հնարավոր չէ, եթե ՀՀ նախագահը որեւէ աշխատանքային փաստաթուղթ ունենա իր ձեռքի տակ, որ հրամցնի ժողովրդին, այդ ժամանակ բոլորս տեղյակ ենք լինելու, բայց մենք չենք պատրաստվում որեւէ մի զիջման, տարածքային փոխզիջման որեւէ խնդիր քննարկել: Ապրիլյան դեպքերից հետո իրավիճակն ընդհանրապես մեր ժողովրդի մեջ փոխվել է:
-Պարո՛ն Հյուսնունց, իսկ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը այցելեց Ստեփանակերտ:
-ՀՀ նախագահի՝ ԼՂՀ աշխատանքային այցի հետ կապված մեկնաբանությունը կարող եք ստանալ իր աշխատակազմից: Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված որեւէ խոսակցություն Ղարաբաղում չկա, եթե լիներ, ես կիմանայի, գոնե պատգամավորներով, կառավարության շրջանակներով ամեն օր հանդիպում, քննարկում ենք: Այս հարցի շուրջ խուճապային մթնոլորտ է Հայաստանում, Ղարաբաղում որեւէ բան չկա, ես հավաստիացնում եմ՝ խաղաղության հասնելու ճանապարհը մեկն է. Ադրբեջանը իր ժողովրդին պետք է պատրաստի հաշտության այդ տարրերին, որից հետո կարող ենք որեւէ դրական միտում ակնկալել: Քանի դեռ սա չկա, մենք չենք տեսնում, ուրեմն այդ խնդիրը լուծում չունի:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ