Սա քարոզչական բլեֆ էր, կենտրոններից պատվեր. ԼՂՀ ԱԺ պատգամավորը` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 1-ի եթերում երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Կազանում պետք է Սերժ Սարգսյանը վերցներ գրիչը Մեդվեդևի ձեռքից և ստորագրեր առաջարկված Մադրիդյան փաստաթուղթը՝ հայտարարելով, որ ասելիք չունի:

Նա գաղտնազերծեց, որ ինքը պատրաստ է եղել ստորագրելու առաջարկվող փաստաթուղթը՝ ցույց տալով, որ Ադրբեջանն է հրաժարվում՝ այդպիսով ճնշելով Ալիևին:

ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ: Վերջինիս խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական փորձառու գործիչը փորձում է մեր ենթագիտակցության վրա ներգործել:

«Այն պարտադրվող ձևաչափերը, որոնք ի վնաս Արցախի, Հայաստանի անվտանգությանն են միտված ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին: Կարծում եմ, որ այն արգումենտները, փաստաթղթերը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց և անընդհատ նշում էր` հղում անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի ձևաչափի վրա, որ հարց լուծողն իրենք են: Հարցը լուծում է Հայաստանի հանրությունը, համայն հայության ճիգերի շնորհիվ, Արցախի բանակի շնորհիվ, և կարծում եմ՝ մեզ պարտադրված պատերազմում հաղթել ենք, և աշխարհն այս փաստի հետ հաշվի է նստում»,- ընդգծեց նա:

Հյուսնունցի դիտարկմամբ՝ մեզ պետք չէ նմանատիպ գաղափարներով պարտադրել. մենք պետք է պայքարենք:

«Այսօր մենք ունենք մի անկանխատեսելի հարևան, և եթե ուզում եք իմանաք` Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջման, որևէ խնդրի լուծման տարբերակի, քանի որ ալիևների այդ կլանին, որ սեփականաշնորհել են Ադրբեջանի հիմնական ֆինանսական կապիտալը, ձեռնտու չէ Ղարաբաղի հարցի լուծումը, որովհետև եթե Ղարաբաղի հիմնահարցը լուծվի, իրենց հայացքները կուղղեն ներքաղաքական խնդիրներին և կկորցնեն այն ամենը, ինչ-որ ունեն»,- նշեց նա:

ԼՂՀ ԱԺ պատգամավորն ափսոսում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նման փորձառու գործիչը, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ի վերջո, Ռուսաստանի գործոնը հաշվի չառավ, և միայն ՄԻՆՍԿ-ի խմբի ձևաչափը մեջ տեղ բերելը` նրա դիտարկմամբ` ավելի շատ քարոզչական բլեֆ էր. «Ավելի շատ միտված էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, և կարծես, թե ժողովրդի զգայական թրթիռների վրա էր ուզում ազդել: Ձա՛յն տվեք, մենք խնդիրը կլուծենք: Խնդիրը դու չես լուծողը, խնդիրը լուծում են այսօրվա գործող իշխանությունները»:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետության և ազգի անվտանգությունը, գոյը պահպանելու համար պարտադիր արյուն է պետք: Անհրաժեշտ է գծագրել սահմանները, և պահել դրանք. «Ես նորից եմ ասում` մի՞թե ամերիկյան, ռուսական  բանակը զոհեր չեն տալիս, բայց իրենց մայրերը տոկունությամբ, անձնվիրությամբ դիմակայում են այդ մարտահրավերներին, քանի որ իրենք կռվում են, որպեսզի  սահմանին իրենց խաղաղ բնակչությունը գոյատևի»:

«Խղճահարությունը փրկություն չի: Մենք մեր խնդիրները պետք է հստակորեն դնենք ու պաշտպանենք: Ադրբեջանը եթե պատրաստվում է գնալ փոխզիջումների, մենք չենք պատրաստվում վաղն այդ խնդիրը թողնել մեր զավակներին: Ես կարծում եմ, որ սա կենտրոններից պատվեր էր, ոչ սազական ելույթ»,- եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս