Հռոմի Պապի` Հայաստան կայանալիք այցը միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ օրը եռօրյա այց կկատարի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ինչը կրկին կարող է լարվածություն առաջացնել Վատիկանի և Անկարայի միջև հարաբերություններում, գրում է The Wall Street Journal-ը:
Ուղևորությունը տեղի կունենա նաև Կովկասի տարածաշրջանում բռնության աճից հետո, որտեղ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի ապրիլյան «քառօրյա» պատերազմը:
Պարբերականը գրում է, որ Ծիծեռնակաբերդ այցի հիմնական հարցը կլինի այն, թե արդյոք Հռոմի պապը կկրկնի իր անցած տարվա ելույթը՝ կապված «20-րդ դարի առաջին ցեղասպանության» հետ:
Պարբերականը հիշեցնում է, որ ի պատասխան 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագի՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Թուրքիայի նախագահը քննադատեց Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունն ու կոչ արեց նրան «չկրկնել այդ սխալը»:
Եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոս պապը կփորձի խուսափել Անկարայի հետ դիվանագիտական վեճերից, գրում է Reuters-ը:
Գործակալությունը գրում է, որ Պապը «պետք է զգուշություն ցուցաբերի՝ քաղաքական և կրոնական առաջնորդներին հասցեավորումներ անելուց առաջ»: Reuters-ը հիշեցնում է, որ Պապն անցած տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցից օրեր առաջ «20-րդ դարի առաջին ցեղասպանությաւն անվանեց» 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը:
The Guardian-ը ևս գրում է Հռոմի պապի՝ այս շաբաթ նախատեսված եռօրյա այցի մասին՝ նշելով, որ Հռոմի պապի մամուլի քարտուղարը հնչեցրել է «Մեծ Եղեռն» արտահայությունը, որն օգտագործվել է համաշխարհային մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
«Հռոմի պապն իր առաջին այցն է կատարում նախկին խորհրդային միության երկիր՝ Ցեղասպանության մասին հայտարարության և Ադրբեջանի հետ վերջին լարվածության ֆոնին»,-գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նշում է, որ սա առաջին այցն է 301թ. առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած երկիր: Ուրբաթ օրը մեկնարկող այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կաղոթի Ցեղասպանության զոհերի հիշատակի համար, խաղաղության աղավնի բաց կթողնի Թուրքիայի հետ սահմանի մոտ, կաղոթի տարածաշրջանի խաղաղության համար Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Գարեգին II-ի հետ, գրում է պարբերականը:
Daily Mail-ը Հայաստան այցը «խաղաղասիրական առաքելություն» է անվանում՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին: