ԻՆՔՆԱՀԵՐՔՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող իշխանության մոտ սեփական խոսքի նկատմամբ անպատասխանատվության չափաբաժինն օրեցօր ավելանում է: Երկրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ՝ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, պարբերաբար հանդես են գալիս տրամագծորեն տարբեր հայտարարություններով՝ հերքելով իրենք իրենց:
Օրինակ՝ կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է շինարարության ոլորտը խթանելու ծրագրի մասին. «2013թ. ցուցանիշները, որոնք հրապարակել է ԱՎԾ-ն, վկայում են, որ շինարարության ոլորտում դեռեւս մտահոգիչ գործընթացներ կան: Մասնավորապես այս պահին արձանագրել ենք ոլորտի 8.5-տոկոսանոց անկում, եւ տնտեսական աճի հիմնական շարժիչները գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են, որտեղ աճի տեմպերը մեզ բավարարում են: Բայց շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը… Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը»: Այն, որ շինարարության ոլորտում վերջին տարիներին հետեւողական անկում է նկատվում, փաստ է: Ընդ որում, այդ անկումը գրանցվել է ոչ միայն 2013թ., այլեւ դրանից ավելի վաղ՝ ե՛ւ 2012, ե՛ւ 2011, ե՛ւ 2010 թվականներին: Եվ վարչապետն այսօր ստիպված է խոստովանել. «Էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ»:
Իսկ ի՞նչ էր ասում շինարարության ոլորտի մասին նույն Տ. Սարգսյանը տարիներ առաջ, օրինակ՝ 2010թ. մայիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ իր ելույթում նա ասել է հետեւյալը. «Տնտեսության դիվերսիֆիկացման ցածր աստիճանը ավելի խոցելի է դարձնում մեր տնտեսական համակարգը, եւ ՀՆԱ կառուցվածքից ելնելով, որտեղ շինարարության ոլորտն ուներ չափազանց բարձր տեսակարար կշիռ, եւ իր լրջագույն հարվածը հասցրեց (եւ դա նշանակում է, որ դիվերսիֆիկացման միջոցով մենք պետք է կարողանանք ապագայում չեզոքացնել բացասական գործոնը)»: Նա նաեւ որոշ թվեր էր մեջբերել. «Երկիր ներհոսող մասնավոր տրանսֆերտների ծավալի կտրուկ կրճատման եւ անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության անկման պարագայում կապիտալ շինարարությունը նվազեց ավելի քան 40 տոկոսով` ապահովելով 2009թ. 14.2 տոկոս տնտեսական անկման 11 տոկոսային կետը»:
Այսինքն՝ 3 տարի առաջ ՀՀ կառավարության ղեկավարը կարծում էր, թե մեր երկրի տնտեսությունը քանդում է շինարարությունը, իսկ հիմա տեսնելով, որ ոչ մի կերպ չի հաջողվում ցանկալի ցուցանիշներ գրանցել, ստիպված է կրկին դիմել շինարարության օգնությանը տնտեսական աճ ապահովելու համար:
Մինչդեռ նա վաղուց պետք է գիտակցեր, որ տնտեսական աճ գրանցելու համար պահանջվում է պարզապես վերացնել երկրում մենաշնորհները, ապահովել մրցակցային պայմաններ, չմիջամտել դոլարի փոխարժեքի տատանումներին, իրապես աջակցել փոքր ու միջին բիզնեսին:




Լրահոս