Կարող ենք համարել, որ եռակողմ հանդիպումը նվիրված է եղել հողերը հանձնելու ժամանակացույցի փոխհամաձայնեցմանը. Արման Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Պարո՛ն Մելիքյան, որքանո՞վ էր արդյունավետ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը և արդյոք Ադրբեջանը կկատարի իր առջև ստանձնած պարտավորությունները:

– Այդ հանդիպումն արդյունավետ էր հիմնականում Ռուսաստանի շահերի համատեքստում, քանի որ Սանկտ-Պետերբուրգում, փաստորեն, հայտարարվեց հակամարտության երկրորդ բանակցային ձևաչափի՝ ՀՀ-ՌԴ-ԱՀ նախագահների ակումբի հիմնարկեքի մասին: Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանն, ԵԱՀԿ-ի կողմից տրված իր միջնորդական միջազգային մանդատից զատ, մի առանձին միջնորդական գործընթաց ևս սկսեց և որոշեց չմանրանալ՝ իջնելով արտգործնախարարների հանդիպումներ կազմակերպելու մակարդակին, այլ գործը գլխից բռնեց և ՀՀ ու ԱՀ նախագահների մակարդակում նախընտրեց առաջ մղել իր անելիքը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ապագա պահվածքին, ապա գոնե ինձ հայտնի չէ, թե ինչ պարտավորություններ է ստանձնել պաշտոնական Բաքուն՝ Ապշերոնից հնչում են պահանջներ ու սպառնալիքներ, սակայն որևէ պարտավորություն ստանձնելու մասին մեկ խոսք անգամ չեմ լսել ադրբեջանական պաշտոնատարներից: Հայկական տարատեսակ բանակցողներն ու պատասխանատուներն են մշտապես խոսում այն մասին, որ պատրաստ են հող տալ Ադրբեջանին, եթե վերջինս ճանաչի Արցախի անկախ լինելու իրավունքը:

– Այս հանդիպումը կարող ենք համարել Վիեննայի հանդիպման շարունակությո՞ւն, թե՞ Ռուսաստանն է նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցրել, և սա այլ ֆորմատ էր:

– Սա Վիեննայի շարունակությունն է այն առումով, որ ապրիլյան ռազմագործողությունից հետո ստեղծված մեզ համար խիստ անբարենպաստ ու վտանգավոր քաղաքական նոր իրավիճակն էլ ավելի խորացավ ու եթե նախորդ հանդիպման ժամանակ պարոն Սարգսյանը պարզապես հրաժարվեց կորսված տարածքների վերադարձը գոնե քաղաքական մակարդակում որպես պահանջ ձևակերպել ու Արցախի տարածքի 2/3-ը թշնամուն հանձնելու դուռը բացեց, ապա այս երկրորդ հանդիպումն, ըստ էության, կարող ենք համարել, որ գոնե մասամբ նվիրված է եղել հողերը հանձնելու ժամանակացույցի փոխհամաձայնեցմանը առնվազն երկկողմ կամ, նույնիսկ, եռակողմ ձևաչափով:

– Ի՞նչ կասեք ադրբեջանական կողմի այն հայտարարությունների մասին, որ փուլային տարբերակ է ընտրվել հարցի լուծման և մեր ԱԳՆ-ի պատասխանի մասին:

– Ես չեմ բացառում, որ առնվազն Ալիև-Պուտին հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է և այդ համատեքստում ադրբեջանական կողմին հավաստիացրել են, որ վերջինիս սպասելիքները կարող են բավարարվել: Համենայնդեպս, ռուսաստանյան կողմի պաշտոնական ներկայացուցիչները չեն շտապում հերքել ադրբեջանական սկզբնաղբյուրի պնդումները, իսկ դա նշանակում է, որ մենք իրապես անհանգստանալու լուրջ հիմքերն ունենք: ՀՀ ԱԳՆ մեկնաբանություններն, այս համատեքստում, վստահելի ու հիմնավոր չեն՝ դրանք պարզապես անօգնական, տարրական տրամաբանությունից զուրկ քաղաքական թպրտոցի տպավորություն են թողնում:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ Արցախը չի վերադարձվում բանակցությունների սեղանին և երբ պետք է դա տեղի ունենա:

-Եթե հայկական կողմերի ներկայիս պահվածքը մնա նույնը, ապա Արցախը կամ երբևէ չի վերադառնա բանակցային սեղանի մոտ, կամ էլ նրան կվերադարձնեն բացառապես սեփական կատարյալ կապիտուլյացիան և, անգամ, ինքնալուծարումը վավերացնելու համար:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս