Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստին Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած իր այցի արդյունքները:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին փոխանցեց, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կարևորվել է խաղաղության ամրապնդման հարցը, իսկ ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացումը դրական միտում է:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման փուլային լուծման ուղղությամբ, ըստ որի՝ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի սկզբում 5 շրջան, ապա ևս 2-ը, Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց. «Կարծում եմ՝ դա Մամեդովի հիվանդ երևակայության արդյունք է, որովհետև ոչ միայն պաշտոնական Երևանն է միանգամից արձագանքել, ի դեմս արտգործնախարար պարոն Նալբանդյանի, ով նշեց, որ նման բան գոյություն չունի, նաև տեղյակ եք, որ այսօր պաշտոնական Մոսկվան շատ խիստ արձագանքել է Մամեդովի հայտարարությանը՝ նշելով, որ հղում պետք է արվի բացառապես պաշտոնական հայտարարությանը, որը տրվել է, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների կամայական հայտարարություններին ու մեկնաբանություններին»:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն իրերն իրենց անունով կոչելու դրական փորձ էր և պաշտոնական Մոսկվան ցույց տվեց, որ պաշտոնական Բաքուն սուտ է խոսում:

«Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություներին, ապա պետք է նշեմ, որ նախագահների երկկողմ հանդիպումները բավականին արդյունավետ են եղել, և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները նաև ստրատեգիական առումով պետք է զարգանան։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի պետական շահերից»,- շարունակեց Շարմազանովը: Վերջինիս փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի առաջնագիծ կատարած իր այցին:




Լրահոս