ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑԻՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ դատարանների  նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը, որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ երեկ Մարտիրոսյանը հարցաքննվել էր ՀՀ ոստիկանության  ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով: Նա կասկածվում է  խոշոր   չափի կաշառք  վերցնելու մեջ:
Այսպիսով` դատական համակարգի շուրջ վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունները Մարտիրոսյանի հարցաքննությամբ եւ աշխատանքից ազատմամբ  կարծես թե մոտենում են հանգուցալուծմանը, որը, համակարգին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, կլինի Արման Մկրտումյանի պաշտոնանկությունն ու Վճռաբեկ դատարանի նոր նախագահի նշանակումը:
   Իսկ մինչ այդ ներկայացնենք, թե ինչպես է ընթացել Արման Մկրտումյանի պաշտոնազերծման գործընթացը: Դատական կարգադրիչների հետ կապված չարաշահումների գործը համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել հունիսի սկզբին: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ դեռեւս այն ժամանակ, երբ ստեղծվեց դատական կարգադրիչների ինստիտուտը,  ՎԴ ղեկավարությունը կառավարությունից ստացել էր շուրջ 150 լրացուցիչ հաստիք, սակայն նշանակումներ չէր կատարել` այդ հաստիքներին հասանելիք աշխատավարձի եւ պարգեւավճարների գումարները բաշխելով աշխատող շուրջ 800 կարգադրիչների վրա՝ այդպիսով փորձելով ապահովել կարգադրիչների համար հնարավորինս բարձր աշխատավարձեր: Սակայն ՎԴ ղեկավարության փոփոխությունից կարճ ժամանակ անց համակարգի որոշ ներկայացուցիչներ որոշել են այդ 150 հաստիքներից ստացվող գումարները ոչ թե բաժանել դատական կարգադրիչներին, այլ կիսել իրար մեջ` մի քանի հոգով յուրացնելով ամբողջ գումարը: Այս գործընթացը շարունակվել է ավելի քան երեք տարի, որի ընթացքում յուրացվել է շուրջ չորս հարյուր հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ի վերջո, այս պատմությունը հայտնվել է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում: Հունիսի սկզբին գործով սկսել է զբաղվել ՀՀ ոստիկանության  ՔԳՎ Երեւան քաղաքի վարչությունը, սակայն դատական կարգադրիչների ծառայության ղեկավարությանը հաջողվել է հասնել այն բանին, որ գործը տեղափոխվել է Կենտրոնի վարչություն, որտեղ էլ բարեհաջող  «քնեցվել է»: Ավելին, դատական կարգադրիչների ծառայության ղեկավարությանը խոսք է տրվել, որ  այն «կջրվի, կգնա»:
Սակայն  այդ մասին տեղեկացել է Երեւան քաղաքի գլխավոր դատախազ Հրաչ Բադալյանը, որը Հայաստանի գլխավոր դատախազի աթոռին տիրանալու լուրջ հավակնություններ ուներ: Եվ, բնականաբար, այս առիթը բաց չթողնելով՝ նա շտապել է տեղեկացնել նախագահական նստավայրի համապատասխան պաշտոնյային եւ այդպիսով հասել այն բանին, որ գործը կրկին վերադարձվի Երեւան քաղաքի քննչական վարչություն: Իսկ մնացածը արդեն հայտնի է: Գլխավոր դատախազի պաշտոնի համար սա հիանալի տրամպլին համարող Հրաչ Բադալյանը ջանք ու եռանդ չի խնայել գործի շուրջ հնարավորինս մեծ հնչեղություն ապահովելու համար:  Բնականաբար, այս իրավիճակից շտապել են օգտվել  նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին աչք դրած  անձինք եւ գործադրել հնարավոր բոլոր միջոցները` սկսած տեղեկատվական արտահոսքից, մինչեւ Բաղրամյան 26-ում տարվող լոբբինգ, որպեսզի գործի շրջանակներն էլ ավելի ընդլայնվեն:
Երբ ձերբակալվեց դատական կարգադրիչների ծառայության ղեկավար Արմեն Մովսիսյանը, մի պահ թվաց, որ կրքերը սկսում են հանդարտվել, եւ այս գործը կամաց-կամաց ուրվագծվում է: Այսինքն՝ քննչական մարմինները բավարարվելու էին կարգադրիչների ծառայության ստուգումներով եւ դրա ղեկավարության քրեական հետապնդմամբ: Սակայն դրանից հետո ոստիկանությունը ստուգումներ սկսեց դատական դեպարտամենտում, ինչը արդեն լիովին փոխում էր գործի մասշտաբն ու կարեւորությունը, քանի որ եթե կարգադրիչների ծառայությունը ինչ-որ կերպ կարելի էր փորձել ցույց տալ որպես դատական համակարգի հետ ուղղակիորեն կապ չունեցող կառույց, ապա դատական դեպարտամենտը ուղղակիորեն առնչվում է դատական համակարգին եւ ասոցացվում  ՎԴ նախագահ Արման Մկրտումյանի հետ:
Իսկ ի՞նչ էր անում այս ընթացքում ՎԴ նախագահ Արման Մկրտումյանը: Ըստ մեր աղբյուրի՝ նա, վստահ, որ գործը «ջրվելու է», հանգիստ մեկնել է արձակուրդ, իսկ երբ վերադարձել է, ինչպես ասում են` բանը բանից անցած է եղել: Մկրտումյանը, սակայն, իրեն չի կորցրել եւ փորձել է «վերեւներին» համոզել, որ ինքն այդ ամենից անտեղյակ է, ավելին, որ իբր դեպարտամենտի եւ կարգադրիչների ծառայության ղեկավարներին «ժառանգություն է ստացել», եւ նրանք իր կադրերը չեն: Սակայն իրականում թե՛ Մովսիսյանը, թե՛ Մարտիրոսյանը իրենց այսօրվա պաշտոններում նշանակվել են Մկրտումյանի կողմից եւ «հաջողությամբ» աշխատել են Մկրտումյանի ղեկավարությամբ՝ վերջին մի քանի տարիներին: Բացի այդ, «անտեղյակության» մասին հավաստիացումներով, Մկրտումյանը փաստացի ստորագրել է իր պաշտոնական անգործության մասին խոստովանագիրը:
Ինչեւէ: Ներկայումս արդեն գրեթե կասկածից դուրս է, որ Արման Մկրտումյանը  առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին: Եվ նրա պաշտոնի հավակնորդների ցուցակի ուշադիր զննության դեպքում դժվար չի լինի հասկանալ, թե ում ակտիվ ջանքերի միջոցով  այս ողջ գործընթացը հանրայնացվեց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս