Էրդողանին Գոլումին նմանեցրած քաղաքացին ազատազրկման է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացի Ռըֆաթ Չեթինը դատապարտվել է 1 տարի 15 օրվա ազատազրկման:
Չեթինը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը, քանի որ այն ժամանակ Էրդողանը դեռևս վարչապետ էր և իր գրառումը չէր կարող համարվել վիրավորանք նախագահի հասցեին:

Բանն այն է, որ ժամանակին, երբ Էրդողանը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Չեթինը «Facebook»-ում տեղադրել էր մի նկար, որտեղ համեմատել էր Էրդողանի և «Մատանիների տիրակալը» եռապատումի կերպարներից մեկի՝ Գոլումի դեմքի արտահայտությունները:
Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ 1 տարի 3 ամսվա բանտարկության դատապարտված Չեթինի պատիժը իջեցվել է 1 տարի 15 օրվա, իսկ պատժի կիրառումը հետաձգվել է 5 տարով:

Էրդողանին Գոլումին նմանեցրած մեկ այլ քաղաքացու՝ բժիշկ Բիլգին Չիֆթչիի գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին: Չիֆթչին դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է արդարացվել՝ հաշվի առնելով ոչ թե Գոլումի լավ կամ վատ կերպար լինելը, այլ խոսքի ազատության իրավունքը:




Լրահոս