«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության և փորձնական ծրագրային հավատարմագրում անցած մասնագիտությունների մշտադիտարկում է իրականացնում:
Նպատակն է հավաստիանալ, որ հավատարմագրում ստացած բուհերը կատարում են ստանձնած պարտավորությունները կրթության որակի շարունակական բարելավման ապահովման առումով:
Բուհ այցելության ընթացքում ՈԱԱԿ մասնագետներն ուսումնասիրում են փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման և ինստիտուցիոնալ ներքին գնահատման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Մշտադիտարկման նպատակով արդեն այց է իրականացվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Երևանի պետական համալսարաններ, իսկ ամսվա ընթացքում այցեր կիրականացվեն նաև Երևանի պետական բժշկական համալսարան, Հյուսիսային համալսարան, Գլաձոր համալսարան և Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովին: