Հայաստանը դեռ պաշտոնապես հայտ չի ներկայացրել Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ 2014» մրցույթին մասնակցելու համար:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ մրցույթի քվեարկության կարգի փոփոխությունը նպատակ ունի փոքր-ինչ ավելի թափանցիկ դարձնել այն. «Այդպիսով՝ նրանք ե՛ւ խստացնում են քվեարկության կարգը, ե՛ւ թափանցիկ են դարձնում այն. ժյուրիի կազմը նախօրոք են հրապարակում եւ այլն, բայց չեմ կարծում, որ նկատելի տարբերություն լինի, այսինքն` որ դա հարցի լուծում է»:
Գոհարի խոսքով՝ նախ պետք է ավարտին հասցնել հետաքննությունը, ընդ որում դա պետք է անել մինչեւ «Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Մի շարք երկրներ արդեն իսկ երգի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացնում, Հայաստանը եւս մտածում է այդ ուղղությամբ, սակայն դրանից առաջ գոնե որոշակի պատասխաններ է ակնկալում: «Մենք առայժմ պաշտոնապես մասնակցության հայտ չենք ներկայացրել, ինչպես եւ բազմաթիվ երկրներ, դրա համար կան հատուկ ժամկետներ. մինչեւ տարեվերջ պետք է այն ներկայացնենք»,-նշել է Գոհարը ու նաեւ հավելել, որ եթե պարզվի՝ Ադրբեջանն իրոք անազնիվ է խաղացել, կաշառել է ժյուրիի՝ տարբեր երկրների անդամներին, ուրեմն պետք է չեղյալ համարել ողջ մրցույթը, որովհետեւ եթե իրենք իրենց միավորները «գնել» են, արդար քվեարկության դեպքում դրանք պիտի ստանային այլ երկրներ, որի շնորհիվ, հնարավոր է, օրինակ՝ Հայաստանը 8-րդ տեղը զբաղեցներ, այսինքն՝ պետք է չեղյալ համարվեն մրցույթի արդյունքները: Այդուհանդերձ, Գ. Գասպարյանը չի կարծում, որ նման բան անեն, դա «Եվրատեսիլ»-ին էլ ձեռնտու չէ: Նրա անձնական դիտարկմամբ` ապացուցվելու պարագայում Ադրբեջանին հասանելիք պատիժը կլինի տուգանքների տեսքով կամ որոշակի տարիներ թե՛ մանկական, թե՛ մեծերի «Եվրատեսիլ»-ին մասնակցության սահմանափակմամբ:
Ինչեւէ. պաշտոնական տեղեկատվությամբ` գործը հետաքննվում է: «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի ժյուրիի՝ տարբեր երկրների անդամների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու մասին լուրերը մտահոգել են մրցույթի կազմակերպիչներին: Վերջիններս փոխել են քվեարկության կարգը: Այսուհետ ժյուրիի անդամների անունները կհրապարակվեն մրցույթից առաջ, իսկ հաղթողի անունը հայտնի դառնալուց հետո կհրապարակվեն ժյուրիի անդամների տված գնահատականները: Երգի մրցույթի տնօրենը՝ Ջոն Օլա Սենդը, չի բացառել հետաքննությունից հետո Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՄՏԱԾՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ