ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ազատվել հողի հարկից:
Գագիկ Եղոյան (48 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի.
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած 2 տարվա ընթացքում.
գ) սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը.
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը.
զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը՝ դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում.
է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի.
ը) փոստային կապի ազգային օպերատորը.
թ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը.
Ժ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Սուրբ Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը:
ի) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք այդ հողամասերի համար:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրեթե բոլոր քաղաքացիները կագնած են հարկեր վճարելու պարտավորության առջեւ, բայց օրենքը որոշ դեպքերում նախատեսում է հարկային պարտավորություններից ազատման բացառություններ: