ԻՆՉՈՒ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶՈՀԵԼ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր պետք է քվեարկության դրվի ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը, որի քննարկումները ավարտվեցին երեկ: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նույնիսկ իշխանական կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդ փաստաթղթին կողմ: Նկատենք, որ այդ փաստաթուղթն ինքնին, մեղմ ասած, փորձանք կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար: Այն նախատեսում է հարկերի բարձրացում, հարկային վարչարարության դժվարացում եւ տնտեսվարողներին տույժերի ենթարկելու համակարգի ընդլայնում: Այսինքն՝ եթե այս օրենսգիրքը ընդունվի եւ ուժի մեջ մտնի, ապա այն լրջագույն վնաս կարող է պատճառել Հայաստանի՝ առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությանը: Ուստի այս տեսանկյունից այսօրվա քննարկումը առավել քան կարեւոր է: Արդյոք ՀՀ իշխանությունները կարճաժամկետ հեռանկարում բյուջեի մուտքերը ավելացնելու այնքան խիստ պահանջ ունեն, որ պատրաստ են ողջ տնտեսությունը դրա համար զոհել: Այս օրենսգրքի հետ կապված մեկ այլ տեսակետ եւս առկա է: Ներկայացված փաստաթուղթը միտված է է՛լ ավելի խոշորացնել Հայաստանի տնտեսությունը, չնայած պաշտոնապես ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է մենաշնորհների դեմ պայքարել: Իսկ տնտեսությունն ավելի կենտրոնացնելով՝ Հայաստանի իշխանական վերնախավը փորձում է երկարաձգել, եթե չասենք հավերժացնել իր իշխանությունը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նման մարտավարությունը ընդհանուր պետությանը մոտ ապագայում անհամեմատ կթուլացնի եւ կդարձնի թշնամու ոտնձգությունների հանդեպ առավել անպաշտպան: Ինչու են Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նման քայլի գնում, ոչ ոք չի կարողանում պարզաբանել, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները:

 

 

 
Արագածոտնի մարզի Օթեւան գյուղում տեղի ունեցածը թերեւս խորհրդանշական է Հայաստանի ներկա վիճակի համար: Մինչեւ վերջերս այս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Բրո Ֆատոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Արդյունքում հուլիսի 3-ին այս համայնքում, որը շատ փոքր թվով բնակիչներ ունի, պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ընդամենը տասնութ ընտրող ունեցող այս համայնքում գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն էլ հարս ու տեգր են: Մասնավորապես գյուղապետի թեկնածու են առաջադրվել Ջամալ Սալմոյանը եւ Գոհար Սայադյանը: Վերջինս Ջամալ Սալմոյանի եղբոր կինն է: Ներընտանեկան «պայքարի» պատճառը ՀՀ ընտրական օրենսգիրքն է: Համայնքի ղեկավարի մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում ընտրությունները չեղյալ կհայտարարվեն, եւ կնշանակվի նորը: Այս արգելքը շրջանցելու համար համայնքներում վաղուց կիրառվում է «դրածո» թեկնածուի համակարգը:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում: Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի եւ Արցախի իշխանություններին քննադատել էր եւ նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ: Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, եւ հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի եւ հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, եւ իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների` 1995-1999 թվականների տվյալների վրա:

 

 

 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի դեմ օրերս երկրորդ բողոքն է ներկայացվել: Առաջին բողոքը վերաբերում է դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում Վարդենիսի բնակիչներ Հակոբ Թովմասյանը եւ նրա որդին՝ Թովմաս Թովմասյանը, մի կաթիլ մեղրի մոտիվներով զարգացած իրադարձության արդյունքում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել: Այս դեպքի հետ կապված Թովմասյանների ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, չարաշահելը): Սակայն այս տարվա մատին ոստիկանապետին եւ քննիչներին պատժելու գործը կարճվեց: Օրերս էլ ոստիկանության Վարդենիսի բաժնի ղեկավաության դեմ նոր բողոք է ներկայացվել մեկ այլ քրգործով կեղծ ցուցմունք կորզելու վերաբերյալ: Քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանը բողոքել է, որ իրեն ճնշել են Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանն ու Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը՝ ստիպելով ցուցմունք գրել իր քեռու դեմ: Ու հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ քեռին ձերբակալվեց:

 

 

 
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ
Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին եւ միջազգային հանրությանն ուղղված կոչեր հնչեցին՝ հասցեական հայտարարություններ անելու եւ ադրբեջանական կողմի նախահարձակ ագրեսիան դատապարտելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանն անգամ որպես բանակցային գործընթացին վերադառնալու երեք պայմաններից մեկը նշեց հենց միջնորդների կողմից հասցեական հայտարարությունները: Սակայն ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ նախապայմանները ոչ միայն մոռացության մատնվեցին, այլեւ Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե միջնորդներն ու միջազգային կառույցներն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն՝ ով է նախահարձակ եղել, եւ այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք չկա:
Մինչդեռ հենց ապրիլյան պատերազմի օրերին արդեն հայաստանյան մի շարք փորձագետներ բաձրաձայնում էին միջազգային հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դա կարող է կանխարգելիչ եւ զսպող դերակատարություն ունենալ՝ ստիպելով Ադրբեջանին զերծ մնալ նմանատիպ նոր փորձերից: Որպես օրինակ բերվում էր 2008թ. ռուս-վրացական պատերազմի հետ կապված ԵՄ միջագային հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննությունը, որի արդյունքները էական նշանակություն ունեցան հետագա զարգացումներում:
Այս հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական շրջանակներից հնչում էին հավաստիացումներ, որ իրականացվում է համապատասխան փաստահավաք աշխատանք, եւ անհրաժեշտ բոլոր քայլերը կատարվելու են ագրեսոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը միջազգային ատյաններից բարձրացնելու ուղղությամբ: Անցել է արդեն ավելի քան երկու ամիս, սակայն պաշտոնական Երեւանը այդպես էլ չի դիմել ո՛չ ԵԱՀԿ-ին, ո՛չ ՄԱԿ-ին, ո՛չ էլ որեւէ այլ միջազգային ատյանի՝ հետաքննություն սկսելու եւ նախահարձակ կողմին պատժելու պահանջով:
Նախօրեին «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը դիմեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունին՝ խնդրելով միջազգային հետաքննություն սկսել եւ պատասխանատվության ենթարկել նախահարձակ կողմին՝ կից ներկայացնելով տեսագրություն, թե ինչպես են շուրջ 100 ադրբջանցի դիվերսանտներ հատում ԼՂՀ սահմանը: Եվ հիմա հարց է առաջանում, եթե որեւէ քաղաքացիական նախաձեռնություն կարող է ունենալ նման փաստ եւ դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, արդյոք մի ամբողջ պետական համակարգ այս երկու ամիսների ընթացքում չէր կարող հավաքագրել այնպիսի փաստաթղթային բազա, որը միանշանակորեն կամրագրեր Ադրբեջանի նախահարձակ լինելը: Այս հարցի պատասխանն առավել քան ակնհայտ է, եւ այն փաստը, որ հայկական կողմն այդպես էլ չի գնում այդ քայլին՝ շատ մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս:




Լրահոս