Մենք հինգ կետերի կողմնակից ենք եղել, և այդ հինգ կետերը այդտեղ արտացոլված չեն. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Ազգային ժողովում իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ, ՀՅԴ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի միջեւ ստորագրվեց ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շուրջ փոխհամաձայնության փաստաթուղթ, որին, սակայն, չմիացան «Ժառանգություն» կուսակցությունը եւ քաղհասարակությունը:

Նկատենք, որ ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսվում է հիմնովին փոխել քվեարկության գործընթացը. մասնավորապես՝ ընտրողները կկարողանան քվեարկել միայն նույնականացման քարտերով, ինչպես նաեւ քվեարկության ողջ ընթացքը տեղամասում կտեսագրվի եւ առցանց կհեռարձակվի:

Սակայն տեսակետ կա, որ ստորագրվածը ոչ թե ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսին է վերաբերում, այլ այդ ուժերի քաղաքական ապագային, այլ կերպ ասած՝ դա քաղաքական բարտերի փաստաթուղթ է:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը չմասնակցեց ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին եւ դրանց արդյունքում կոնսենսուսային փաստաթղթի ստորագրմանը, ինչո՞ւ:

-Մենք հինգ կետերի կողմնակից ենք եղել, եւ այդ հինգ կետերը այդտեղ արտացոլված չեն, իսկ Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կամ Մադրիդյան սկզբունքների շուրջ միավորվելու ցանկություն «Ժառանգությունը» չունի:

-Տեսակետ կա, որ այս համաձայնագիրը քաղաքական բարտերի փաստաթուղթ է:

-Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, սա այն համաձայնագիրն է, որը ընդամենը մի հինգ խմբակցություն է ստորագրել, որոնք բոլորը ԵՏՄ-ին կողմ են քվեարկել, Մադրիդյան սկզբունքներին կողմ են քվեարկել, Սերժ Սարգսյանի շուրջ կոնսոլիդացվելու կողմնակից են, եւ ակնհատ է, որ նաեւ հաջորդ խորհրդարանում իրենց տեղն ունենալու խնդիրն են փորձում լուծել: Այնպես որ, թե սա բարտեր է, թե պայմանավորվածություն է, թե գործարք է, թե ինչ է, դա արդեն էական չէ, բովանդակային առումով ոչինչ չի փոխվում:




Լրահոս