Երեկ կեսօրից հայտնի դարձավ, որ Հայաստանի խոշորագույն սուպերմարկետային
ցանցերից մեկը` «Սթար Դիվայդ»-ը, վաճառվել է: Լուրը առաջին հայացքից թվում է
զուտ բիզնես դաշտին առնչվող խնդիր, բայց իրականում իրադարձությունը եւս
մեկ անգամ ապացուցում է մեր երկրի տնտեսության աղետալի վիճակը. օրինական
բիզնես անելը Հայաստանում գրեթե անհնար է դարձել:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` սուպերմարկետի նոր` 100 տոկոսանոց
բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն` գրանցված բրիտանական Վիրջինյան
կղզիներում, որը հայտնի օֆշորային գոտիներից մեկն է: Թե ով է «Սթար»-ի նոր
բաժնետերը, երեկ պաշտոնապես չհաղորդվեց: Միայն պտտվող լուրերի մակարդակով
կարելի է ասել, որ այդ «օֆշորները» մոտ են Մեծ Բրիտանիային, որի էլիտայի
հետ իր ջերմ կապերով է հայտնի Սերժ Սարգսյանի մերձավորագույն
երիտասարդությունը: Ամեն դեպքում, վաճառողները առաջիկա օրերին կհրապարակեն
«Սթար»-ի նոր սեփականատիրոջ անունը, որից էլ ավելի հստակ կերեւա, թե ինչն է
վաճառքի պատճառը:
Իսկ ընդհանրապես, երբ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները
Հայաստանում որեւէ գործարք են իրականացնում, շատ արագ պարզվում է, թե ովքեր
են կանգնած նրանց թիկունքում: Հիմնականում տարբեր չինովնիկներ են այնտեղ
ընկերություններ գրանցում, որպեսզի Հայաստանից աննկատ գործունեություն
ծավալեն:
Հիշեցնենք, որ հայտնի «Ինորիենթ» ընկերությունը, որին ՀՀ մշակույթի
նախարարությունը պատվիրել էր գրել նախարարության հայեցակարգը, նույնպես
գրանցված էր Վիրջինյան կղզիներում: Այդ գործարքում միլիոնավոր դրամներ էին
անհետացել, որի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց, այն տեղափոխվեց
Ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության վարույթ, սակայն
գումարները վերականգնելու հիմքով վերջերս կարճվեց հարուցված քրեական գործը:
Սա իմիջիայլոց: Հիմա դառնանք «Սթար»-ի հետ կապված խնդրին: Որքան էլ որ
խոսակցություններ են շրջանառվում, թե այդ ցանցը պատկանում է Ռոբերտ
Քոչարյանին, որ նա առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով վաճառքի է
հանել ունեցվածքը, երեկ մենք որեւէ կերպ չկարողացանք պարզել իսկությունը
(Քոչարյանի մասով): «Սթար»-ից ոչ պաշտոնապես հիշեցրին, որ 18
սուպերմարկետներ ունեցող ցանցի սեփականատերերից մեկը Վովա Մանուկյանն էր,
որի կարգավիճակը թեեւ հետո փոխվեց, սակայն երկար ժամանակ է, որ «Սթար»-ին
չի հաջողվում հարաբերությունները կարգավորել հարկային ծառայության հետ: Սա
եւս «Սթար»-ի վաճառքի պատճառներից է:
Բանն այն է, որ «Սթարի Վովան», ում պատկանում է նաեւ հայտնի «Օմեգա»
գիշերային ակումբը, «Երկրապահ» կամավորականների միության անդամ է,
պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը: Եւ երբ 2008-ին
Մանվել Գրիգորյանը կիսաընդդիմադիր վիճակների մեջ էր, Վովային, ի թիվս այլ
«լեւոնական թշնամիների», սկսեցին «նեղել»: Ու չնայած Գրիգորյանն իր
«գործերը կարգավորեց», այնուամենայնիվ, Մանուկյանը ստիպված եղավ իր
գործընկերների հետ միասին անցնել օրինական աշխատանքի, գրանցել բոլոր
աշխատակիցներին, օրինական հարկատու լինել եւ այլն, որի հետեւանքով օր օրի
զարգացող սուպերմարկետային բիզնեսը (հայտնի է, թե մյուսներն ինչքանով են
օրինական դաշտում գործում) «կուլ տվեց» «Սթար»-ին: «Սթար»-ը զգում էր, որ
չի կարողանում դիմանալ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթի»-ի,
նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի «ՍԱՍ»-ի, Երեւանի ոստիկանապետ Ներսես
Նազարյանի որդու «Մոսկվիչկայի», ԴԱՀԿ-ի Միհրան Պողոսյանի «Ֆրեշ»-ի եւ այլ
«դեմքերի» հետ մրցակցությանը:
Բոլոր մատակարար ընկերությունները գիտեն ցանցի ֆինանսական ճգնաժամի մասին,
քանի որ «Սթար»-ը 2008-ից հետո պարտքերով էր աշխատում: Եվ հենց նրանց
ունեցած պարտքերն ու վարկային պարտավորությունների կատարման
անհնարինությունը ի վերջո ցանցի սեփականատերերին ստիպեցին վաճառել հարազատ
բիզնեսը: Նոր բաժնետերերը պարտավորվել են առաջիկա 3 ամիսների ընթացքում
կատարել 5-10 մլն դոլարի ներդրում` բաժնետիրական կապիտալի եւ պարտքի
տեսքով:
Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկության, «Սթար Դիվայդ»-ի արդեն նախկին
բաժնետերերը ռուսաստանաբնակ հայտնի գործարար Հենրիկ Զախարյանցը եւ
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկն են: Նրանք այսուհետ կզբաղվեն
մսամթերքի բիզնեսով: Մեր տեղեկություններով Հենրիկ Զախարյանցը, ով «Օ
Վալլետտա» անունով մի ընկերություն ունի (Վալլետտան Մալթայի մայրաքաղաքն
է), նաեւ «Բիելլա» մսամթերքների սեփականատերն է:
Այսպիսով` եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի
ռեժիմը եթե որեւէ մեկի «հետեւից ընկավ», նրան կոչնչացնի վերջնականապես: Եվ
«Սթար»-ի հետ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է. պետք չէր, որ օտար մեկը
մնար սուպերմարկետների բիզնեսում:
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ՍԹԱՐ»-ԻՆ ԿՈՒԼ ՏՎԵՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ