Թող հեռուստաընկերությունները մեզ օգտագործեն. Նառա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսի ամենականացի երգչուհիներից մեկը` Նառան, ընդամենը օրեր առաջ է վերադարձել ծովափնյա հանգստից: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը, սովորաբար, ավելի վաղ է մեկնում հանգստի, քան մյուսները. «Արդեն իմ հանգիստը վայելել եմ Լիբանանում, անգամ արեւայրուք եմ ընդունել»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում էլ Նառան կմեկնի որեւէ այլ երկիր, վերջինս պատասխանեց. «Ես երբեք չեմ պլանավորում իմ կյանքը, միանգամից եմ որոշումներ կայացնում, այնպես որ նախապես ոչինչ ասել չեմ կարող»:

13535998_1080128058734926_1581789797_n

Մենք Նառայի հետ զրուցեցինք նաեւ գործնական կյանքում սպասվող նորությունների մասին: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ շուրջ տասը օրից կմեկնարկեն իր նոր տեսահոլովակի նկարահանումները: Հայերեն երգի երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյան է, խոսքերինը` Անիտա Հախվերդյանը, իսկ գործիքավորումն արել է Արա Թորոսյանը (Մուրզիկ), տեսահոլովակն էլ կնկարահանի Հրաչ Քեշիշյանը, այն կցուցադրվի սեպտեմբերին. «Կներկայացնեմ շատ ուրախ, արագ ռիթմերով երգ: Ես հասկացա, որ մարդկանց հիմա միայն պոզիտիվ գործեր են պետք` թեթեւ, ուրախ երգեր: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, ապա ասեմ, որ սպասում ենք` խաղողը հասնի, որպեսզի նկարահանենք այս մրգի հետ կապված տեսարաններ»,- մեկնաբանեց Նառան` դեռեւս զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց:

13535631_1080128055401593_1355088508_n

Մեր այն հարցին, թե ինչու երգչուհին վերջին շրջանում չի երեւում էկրաններին, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է երեւում: Մեր հեռուստաընկերությունները ոչ մի հեռուստածրագիր չեն հեռարձակում, որտեղ ընդգրկված կլինեն արվեստի մարդիկ: Թող մեզ օգտագործեն… Չեն օգտագործում: Իսկ մի ձեռքը ծափ չի տալիս: Այստեղ միայն իմ երեւալ-չերեւալու խնդիրը չէ. դա մեր բոլոր երգիչ-երգչուհիների խնդիրն է: Եթե, օրինակ, որեւէ երգչուհի նկարահանվում է ինչ-որ ծրագրում եւ հանդես է գալիս ոչ իր մասնագիտությամբ, ես չեմ համարում, թե նա երեւում է էկրանին: Իսկ ես ազատ արվեստագետ եմ, մշտապես փորձել եմ գոհացնել իմ հանդիսատեսին: Կարծում եմ` իմ այս նոր երգն էլ կդառնա հիթ: Ամեն դեպքում` որոշողը ժողովուրդն է, անհամբեր կսպասեմ հանդիսատեսի դատին»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս