«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի եւ Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը:
Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային եւ տարածքային զգալի կորուստներ: Միայն հայ ժողովրդի վճռականության ու հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու շոշափելի առաջխաղացումը եւ խափանել նրա հեռահար ծրագրերը: Անգամ այս ամենից հետո Ռուսաստանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին:
Մինչդեռ Հայաստանին ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը շարունակաբար ձգձգում է՝ փոխարենը, թեկուզ ոչ պաշտոնապես, պայմանավորվելով այս խայտառակ պայմանագրի կնքմամբ:
Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը: Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ը Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս:
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է այս խայտառակ համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ եւ կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել Արցախի հայկական հողերի հանձնման դավադիր նախագծի հերթական բաղկացուցիչ մաս կազմող եւ ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս փաստաթղթին»: