Ժամանակին արտակարգ դրությանը դեմ չարտահայտված «Ժառանգություն» կուսակցությունը տասը տարի անց փոխել է իր դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով:

«Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու եւ երկրում օրինականության հիմքերն ամրացնելու համար բացել մեր պետականության եւս մեկ ամոթալի հանգրվանի` 2013թ. նախագահական ընտրական գործընթացի էջը, որի շրջանակում Սերժ Սարգսյանի վարչակարգը ակնհայտ ձայնագողությամբ փոխեց ընտրությունների արդյունքները՝ սեփական իշխանությունը եւս հինգ տարով երկարաձգելու համար: Դա ոտնձգություն է ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ, քանի որ պետական ինստիտուտները ծառայեցվել են անհատի անօրինական իշխանությունը երկարացնելու համար:

Դեռեւս 2008-ին ապօրինաբար ձեւավորված` Սերժ Սարգսյանի իշխանությունը 2013 թվականին` որպես վատ սովորություն, կրկին հաշվի չնստեց սեփական ժողովրդի կամարտահայտության հետ՝ հենց ընտրական տեղամասում խեղդելով ազատ, իրավական երկրում ապրելու` ժողովրդի կամքն ու ցանկությունը:

2013 թվականի նախագահական ընտրությունները «Ժառանգություն» կուսակցության կամ որեւէ այլ քաղաքական ուժի հարցը չէ: Տեղի ունեցածը հարված էր մեր պետականությանը եւ մինչ օրս չի ստացել իրավական ու քաղաքական պատշաճ գնահատական:

«Ժառանգությունը» պատրաստակամ է օգնել մեր իրավապահ համակարգին` ընտրագողության հետ կապված խնդիրը համակողմանի դիտարկելու եւ ողջ ճշմարտությունը ջրի երես հանելու համար:

Այս եւ ամեն դեպքում բոլոր քաղաքացիների՝ այդ թվում մեղադրյալների, սահմանադրական իրավունքի ամրագրումը հրամայական է:

«Ժառանգություն» կուսակցություն
27 հուլիս 2018թ.
Երեւան

Հիշեցում 1` «Ժառանգություն» խմբակցությունը 2008 թվականին ներկայացված էր ԱԺ-ում: Խմբակցության որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, որն արդարացնում էր արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը:

Հիշեցում 2` Երբ ԱԺ-ն հայտարարություն էր ընդունում Մարտի 1-ի մասին, «Ժառանգության» պատգամավորները լուռ համաձայնել են: ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը դեռ այդ օրը հայտարարել է, որ առարկություններ չկան, նախագիծն ընդունված է…




Լրահոս