ՀԱՐՑ. Ամուսինս 1-ին կարգի հաշմանդամ է դարձել, եւ նրա բուժումը պետք է իրականացվի տնային պայմաններում: Կցանկանայի տեղեկանալ` ի՞նչ ծառայություններ են տրամադրվում հաշմանդամներին տնային պայմաններում:
Լուսինե Հովսեփյան (35 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման համաձայն՝ տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները`
1) Կենցաղային սպասարկում.
2) Առաջնային բժշկական օգնություն եւ սպասարկում.
3) Սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) Իրավաբանական խորհրդատվություն:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին: Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:
1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ըստ դեղատոմսերի ապահովվում են անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված անվճար բուժծառայությամբ:
Վերջին տարիներին այս ոլորտում նկատվում է որոշակի առաջընթաց, սակայն միեւնույն է՝ հաշմանդամներին վերաբերող շատ խնդիրներ մնում են անլուծելի, իսկ առաջնային խնդիրներից են, իհարկե, հաշմանդամների ազատ տեղաշարժի հնարավորությունն ու աշխատատեղերը: