ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՐԳԵԼԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից խոստացված կուսակցության բացելու նախաձեռնությունը, որը պետք է իրականացվեր գարնանը, տապալվեց: Ըստ տեղեկությունների՝ նրան անձամբ Սերժ Սարգսյանն է հասկացրել, որ ավելի լավ կլինի՝ Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու մտքից հրաժարվի:

Ինչպես հայտնի է՝ անցած տարվա հոկտեմբերի 14-ին Արա Աբրահամյանը մեծ հանդիսավորությամբ հայտարարեց, որ մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել եւ զբաղվել քաղաքականությամբ: Նա նույնիսկ գաղտնազերծեց, թե ինչու է ցանկանում կուսակցություն հիմնել՝ հայտարարելով. «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»: Ավելին՝ նա այդ օրը նաեւ պարզաբանել էր, թե ինչպես է պատկերացնում առանց իշխանափոխության պահանջի ընտրությունների մասնակցելը. «Մենք ինչ-որ բաներ գիտենք, ինչ-որ բաներ հասկանում ենք, ինչ-որ մեխանիզմներ պետք է կառուցվեն, որպեսզի ընտրություններում խախտումներ չլինեն: Պետք է դիմենք հանրապետության նախագահին»,- ասել էր ալամ աշխարհի հայերի միության նախագահը:
Նա հրապարակավ խոստովանել էր, որ 2017-ին կայանալիք ԱԺ ընտրություններին իր սեփական կուսակցությամբ մասնակցելու շուրջ զրուցել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Իր եւ Սարգսյանի այդ թեմայով զրույցի արդյունքն այն էր, որ. «Ասեց (Սերժ Սարգսյանը,- Վ.Հ.), եթե դուք ունեք ծրագրեր, եթե դուք կարող եք այս երկրին օգտակար լինել, ինչո՞ւ չէ, մասնակցեք»: Դեռ չստեղծած կուսակցության ԱԺ ընտրությունններին մասնակցել-չմասնակցելու հարցը նա հետեւյալ կերպ էր ներկայացրել. «Եթե տեսնեմ՝ կա համապատասխան թիմ, կա համապատասխան քաղաքական ուժ՝ միջազգային, կան համապատասխան երկրների ղեկավարներ կամ մեծ բիզնեսի օգնություն եւ իրար հետ համագործակցելու մեխանիզմներ, իհարկե, ես մարտին վերջնական որոշում կկայացնեմ՝ գնալո՞ւ եմ ընտրություններին, թե՞ չէ»:
Արա Աբրահամյանի վերը բերված հայտարարություններից անցել է ութ ամիս, այս ընթացքում նրա քաղաքական նկրտումները սպասարկող անձինք Հայաստանի մի քանի բնակավայրերում գրասենյակներ են բացել, որոնք ներկայացնում են իբրեւ «Ազգային միասնություն շարժման նախաձեռնություն»: Այս գրասենյակներում մարդկանց ապագայի հետ կապված ֆինանսական խոստումներ են տալիս, բայց ոչ մի խոսք քաղաքականության եւ առավել եւս կուսակցություն հիմնելու մասին: Այսինքն՝ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ «հրեշտակ» պատրաստվում է գալ եւ իր փողերը բաժանել մարդկանց:
Այս ընթացքում Արա Աբրահամյանը մեկ այլ գործ էլ է «գլուխ բերել», նա մի լրատվական կայք է բացել, որի էջերում ժամանակ առ ժամանակ ինքն իր հետ հարցազրույցներ է հրապարակում՝ իր մասին հիշեցնելու համար: Այսպես ավելի անվտանգ եւ էժան է, քան ասուլիսներով հանդես գալը: Ասուլիսի համար նա նախ պարտադրված պետք է լինի Մոսկվայից գալ Հայաստան, մյուս կողմից էլ ասուլիսի ժամանակ «վատ լրագրողները» փիս-փիս հարցեր են տալիս, որոնց արդյունքում ալամ աշխարհի հայերի առաջնորդի ողջ հմայքը տեսանելի է դառնում:
Ինչեւէ, օրերս Աբրահամյանի կայքում հրապարակվել էր նրա հերթական ինքնահարցազրույցը, որում նա իր հետագա քաղաքական ծրագրերը հետեւյալ կերպ էր ներկայացրել. «Ես երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնելու ցանկություն չեմ հետապնդում, որպեսզի բավարարեմ անձնական հավակնություններս: Իմ նպատակն է ձեւավորել համախոհների մի թիմ եւ վերակենդանացնել Հայաստանի փառքը: Եթե ժողովուրդը վստահություն ցուցաբերի, ապա մենք կարդարացնենք լայն զանգվածների ակնկալիքները: Իմ անցած կյանքի ուղին եւ տարիները եղել են ե՛ւ դժվարին, ե՛ւ լարված, ե՛ւ արդյունավետ, ե՛ւ հաջողակ: Ես շատ ինքնաբավ եմ. ագահ եւ եսասեր չեմ ու ամեն ինչի ինքնուրույն եմ հասել: Եվ եթե իմ մեջ քաղաքական բնագավառում ուժ եւ հնարավորություններ եմ գտնում իմ ժողովրդին ու հայրենիքին օգտակար լինելու համար, անպատասխանատվություն կլինի խուսափել դրանից»- ասել էր Աբրահամյանը:
Այլ կերպ ասած՝ Արա Աբրահամյանը դեռ խուսափում է միանշանակ հայտարարել կուսակցության հիմնադրման մասին եւ փորձում է ժամանակ ձգել: Մեր տեղեկություններով՝ այս անորոշությունը շատ կոնկրետ պատճառներ ունի: Բանն այն է, որ ինքը՝ Աբրահամյանը չի կարող ո՛չ պատգամավորի եւ ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, քանի որ երկքաղաքացի է, մինչ ՀՀ քաղաքացի դառնալը, նա ունեցել եւ ունի ՌԴ քաղաքացիություն: Նույնիսկ եթե նա դրանից երեկ կամ այսօր հրաժարվի, միեւնույն է՝ չի կարող պաշտոնի հավակնել: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը նրան շատ հստակ ասել է, որ գործարար-քաղաքականությամբ զբաղվելու տարբերակն իր սրտով չէ, եւ հիշեցրել է Գագիկ Ծառուկյանի օրինակը:
Իհարկե, Արա Աբրահամյանն ասել է, որ ինքն իր համար չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, այլ «ազգի փրկության» համար է, քանի որ ինչ-որ ներդրողներ կան, որոնք Հայաստանում գործ սկսելու համար երաշխիքներ են ուզում, որպիսին կարող է լինել ալամ աշխարհի հայերի միության նախագահի՝ Հայաստանի քաղաքական կյանքում որոշակի ազդեցիկ դիրք ունենալը: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը նրան հակադարձել է, որ ինքը պատրաստ է բոլոր տեսակի երաշխիքները տալ պոտենցիալ ներդրողներին: Արդյունքում, Արա Աբրահամյանը չի կողմնորոշվում. անտեսի՞ Սերժ Սարգսյանի «հորդորը» եւ կուսակցություն հիմնի՝ գիտակցելով, որ մի օրում այն կարող են իրենից խլել, թե՞ համակերպվի իրավիճակի հետ ու մոռանա Հայաստանի քաղաքական դաշտ անձնապես ներխուժելով պայմանավորված բիզնեսծրագրերի մասին: Իսկ ազգի փրկիչներ դեռ կծնվեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԷԼԻ ԽԱԲՎԵՑԻՆՔ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 24-ի նիստում կսահմանի բնակիչ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագները: Ըստ այդմ՝ ՀԾԿՀ-ի արդեն իսկ մշակած որոշման նախագծով ենթադրվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 0,38 կՎտ ու պակաս էլէներգիա սպառողները, որոնց թվում են նաեւ բնակիչները, 1 ԿՎտ-ի համար ցերեկային ժամերին պետք է վճարեն 46.2 դրամ, իսկ գիշերային ժամերի սակագինը կլինի 36.2 դրամ:
Տեղեկացնենք, որ նոր սակագինը գործելու է օգոստոսի 1-ից, իսկ մինչ այդ կգործի ներկայիս սակագինը՝ ցերեկայինը՝ 48.78 դրամ, իսկ գիշերայինը՝ 38.78 դրամ:
Այսպիսով՝ ստացվում է, որ ՀԷՑ-ը էլէներգիայի սակագինը նվազեցնելու է 2.58 դրամով:

 

 

ԻՐԵՆՔ ՈՒ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության այսօր նախատեսված հիմնադիր համագումարին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն մասնակցի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Համախմբման» նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, համագումարին հրավիրված են լինելու քսան-քսանհինգ անկուսակցական գործիչներ: «Ոչ մեկին չենք հրավիրել, որպեսզի ոչ մեկին չմեղադրենք, քանի որ սա հիմնադիր համագումար է, եւ մենք խնդիր չենք դրել քաղաքական շրջանակների հրավիրել»,- ասաց Բոզոյանը: Նա նաեւ ասաց, որ հրավիրվածները անկուսակցական գործիչներ են, որոնք ավելի շատ ոչ թե քաղաքական, այլ հանրային խնդիրներով են զբաղվում:

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵՆ, ԹՈՂ ՀԵՌԱՆԱՆ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինքը որեւէ փոփոխություն տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու մասին: «Ուզում է՝ 11 ամիս անցնի, ուզում է՝ 111 ամիս, ուզում է՝ 1011 ամիս, եթե այս իշխանություններն են, որոնք կոռուպցիան հիմնադրել են, եւ ոտից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված են, համակարգային կոռուպցիա են ստեղծել երկրում, ապա իրենք, իհարկե, ոչինչ չեն կարողանալու անել: Դա հեքիաթի ոլորտից է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իրենք առաջին հերթին պետք է ներողություն խնդրեն, իրենց թալանածը վերադարձնեն պետությանը, կամ գոնե դրա մի հատվածը եւ ասեն՝ մենք իշխանությունից թողնում, գնում ենք»,- ասաց Մարտիրոսյանը:

 

 
ՄԵՐ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ
«Հայաստանի ու Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի միավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից»,- կարծում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Հայ¬ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շնորհիվ մեզ հաջողվեց 1992 թվականին պահպանել այն հակաօդային միջոցները, որոնք ունեինք, դրանք զարգացնել, հասցնել բավական բարձր մակարդակի: Եվ այսօր մենք ունենք այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը, նույնիսկ կան միջոցներ, որոնք Թուրքիան չունի: Այս համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, այն ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունը»,¬ վստահեցրել է Հարությույանը: Նա նաեւ պարզաբանել է. «Եթե Ռուսաստանի կամ Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիա իրականցվի, այդ դեպքում միասնական համակարգը գործում է: Եթե, ասենք, Ռուսաստանը պատերազմ է սկսում այլ երկրի նկատմամբ, ապա Հայաստանն այստեղ անելիք չունի: Նույն պայմանը Ռուսաստանի դեպքում կգործի, եթե Հայաստանը պատերազմ սկսի»,¬ ասաց Վաղարշակ Հարությունյանը:
 

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է
Հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է «Պանամական դոսյեն»: Գործարարն ասել է, որ շարունակում է հպարտանալ «ԿամԱզ»-ի եւ «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործարքներով: Նա հիշեցրել է, որ 90-ականներին այդ երկու ձեռնարկությունները գտնվում էին սնանկացման եզրին: Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների օգտագործման հարցը՝ գործարարն ասել է, որ դա արվել է որոշակի բիզնես գործընթացներում ճկունության ապահովման եւ արդյունավետության բարձրացման նպատակով: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակված Պանամական փաստաթղթերում հիշատակվել է Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգ» ընկերությունը:

 

 

ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ՕԵԿ
Կառավարության երեկվա նիստում հավանություն է տրվել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» հարցին: Փոփոխությունն առաջարկել էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը, որոնց վերաբերյալ կառավարությունն առարկություն չուներ: Նախագիծը անվանափոխության մասին է, որը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլեւ անվանման փոփոխություն: Հավելենք, որ այս նախագծով ԱԺ ՕԵԿ խմբակցությունը վերանվանվելու է «Հայկական վերածնունդ» խմբակցություն:




Լրահոս