«ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՓՈՇՄԱՆՈՒՄ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել բլից- հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս նոր, ուշագրավ կողմերից բացահայտելն է, անկեղծ ու անմիջական կոնտակտ հաստատելը: Բոլորի կողմից ճանաչված դեմքերը կխոսեն իրենց ձեռքբերումների ու կորուստների մասին, կկիսվեն ինչպես մտահոգություններով, այնպես էլ երջանիկ լինելու առիթներով, կներկայացնեն հետաքրքիր մանրամասներ իրենց կյանքից: Այս անգամ մենք զրուցել ենք դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:

-Պարո՛ն Թոխատյան, նախ հետաքրքիր է` ով է դրել Ձեր անունը, եւ ինչ է այն նշանակում:
-Անունս դրել է հայրիկս, եւ, եթե չեմ սխալվում, այն Մարս մոլորակի հայերեն անունն է:
-Եթե ոչ դերասան, ապա…
-Ես հիմա էլ մեծ հաճույքով որպես ուսուցիչ կաշխատեի դպրոցում (Հրանտ Թոխատյանը որպես ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում-հեղ.):
-Ի՞նչ եք գնել Ձեր առաջին աշխատավարձով:
-Նվեր մայրիկի համար: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Դա իմ ուսուցչական գործունեությունից էլ առաջ էր:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հանրության շրջանում ճանաչվելուց հետո:
-Ընդհանրապես ոչինչ, եւ չէր էլ կարող փոխվել` ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը: Ես բավական անտարբեր եմ դրան վերաբերվում:
-Դերասանական կարիերայի հետ կապված Ձեր վախը:
-Իհարկե, ձայնի կորուստը: Եղել է, որ, ներկայացման ժամանակ ձայնս կտրված է եղել, բայց ես խաղացել եմ:
-Ձեր ամենաստացված դերը:
-Ես իմ բոլոր դերերը շատ եմ սիրում եւ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ամենայն հաճույքով եմ դուրս գալիս բեմ: Ես համարյա չեմ ունեցել չհաջողված ներկայացում նախեւառաջ տվյալ ստեղծագործությունների հեղինակների, ներկայացման պրոդյուսերների ու ռեժիսորների շնորհիվ:
-Ձեր սիրելի սպորտաձեւը:
-Ֆուլբոլը: Ի դեպ, հետեւում եմ Եվրոպայի առաջնությանը, բայց երկրպագում եմ ֆուտբոլին, այսինքն` գեղեցիկ խաղին:
-Գրքեր, որոնք խորհուրդ կտաք կարդալ:
-Շատ են: Խորհուրդ կտամ կարդալ գործեր ինչպես արեւմտյան, հարավամերիկյան, այնպես էլ ռուսական եւ, իհարկե, անպայման մեր հայկական գրականությունից: Կարծում եմ` յուրաքանչյուր բանական մարդ պետք է կարդացած լինի Դյումա, Մարկես, մի քիչ ավելի նեղ շրջանակները վատ չէր լինի, որ կարդային Կաֆկա, Դոստոեւսկի, Չեխով եւ անպայման` Նարեկացի:
-Ձեր նախասիրությունները:
-Ես հոբբի չեմ ունեցել եւ չունեմ:
-Փողի հետ Ձեր հարաբերությունները:
-Այն ինձ համար կեցությունը պահելու նշանակություն ունի ընդամենը:
-Վերաբերմունք, որ Ձեր հանդեպ չեք հանդուրժի:
-Արհամարհանք, երեւի:
-Որտե՞ղ պետք է դրսեւորվի տղամարդու ուժը:
-Կանանց հանդեպ վերաբերմունքի մեջ:
-Կանանց զսպելու միջոցը:
-Ժպիտը:
-Կինը երբեք չպետք է…
-Չկա նման բան… Եթե խոսքը բանական, խելացի մարդու մասին է, չի կարող լինել մի բան, որ ասես` չի կարելի:
-Շարունակեք միտքս` շրջապատին կարելի է զարմացնել միայն…
-Կարծում եմ` մարդկանց զարմացնել կարելի է միայն գիտելիքներով կամ որեւէ մարդկային քայլով, շուրջդ սեր, բարություն սփռելով: Այլապես չարությունը` իր ցանկացած դրսեւորումով, տանում է դեպի փակուղի:
-Երեւանում Ձեզ ամենահարազատ վայրը:
-Իմ տունը:
-Մայրաքաղաքի ամենասիրելի քանդակը:
-Կարծում եմ` Երեւանի ամենագեղեցիկ «քանդակագործը» եղել է Ալեքսանդր Թամանյանը, իսկ լավագույն «ստեղծագործությունը» հենց Երեւանն է:
-Կյանքը կարելի է ավարտված համարել, երբ…
-Երբ կորցնում ես սերը դեպի կյանքը, դեպի քեզ շրջապատող մարդիկ, եւ դա տարիքի հետ երեւէ կապ չունի…
-Մի քանի բան, որոնց համար չեք «փոշմանի», որ կյանք եք եկել:
-Ես ընդհանրապես ոչ մի բանի համար չեմ փոշմանում…

 

 

 
ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 17-ը բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան օրն է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ընթերցողներին է ներկայացնում նրա անծանոթ բանաստեղծությունը, որը տրամադրել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում, խոսելով այս ստեղծագործության մասին, նախ նշեց, որ ըստ ժամանակակիցների վկայությունների` Սեւակը միշտ խուսափել է գրել մանկական գործեր: Եվ երբ նրան հարցրել են, թե որն է դրա պատճառը, բանաստեղծը պատասխանել է, որ մանկական գրականությամբ զբաղվելը շատ լուրջ գործ է, եւ ինքը չի պատրաստվում «խաբել» երեխաներին` անելով մի բան, որն իրեն կոչումով տրված չէ: Եվ, այնուամենայնիվ, իր կյանքի վերջին տարիներին` 1969-70 թթ., Սեւակն, այսպես ասած, դեմ է գնում ինքն իրեն: Բանն այն է, որ այդ ժամանակ «Պիոներ» ամսագիրը սովորաբար դիմում էր նշանավոր գրողներին, խնդրում, որ մանկական ստեղծագործություններ հանձնեն խմբագրությանը: Ելնելով այն հանգամանքից, որ այդ տարիներին ամսագրի գրեթե բոլոր համարներում մեկը մյուսի ետեւից տպագրվել են Սեւակի մանկական բանաստեղծությունները, կարելի է ենթադրել, որ ամսագրին հաջողվել էր համոզել նաեւ բանաստեղծին: Դրանք հետագայում պետք է ամփոփվեին փոքրիկ գրքույկում` «Մեր ծանոթները» վերնագրով, որն, ի դեպ, լույս է տեսել Սեւակի մահվանից հաշված օրեր անց: Ու թեեւ գրողն ինքը գիրքը չտեսավ, դա չի նշանակում, որ նա դրա խմբագրման աշխատանքներին չէր մասնակցել: Ի վերջո, գիրքը կազմվում էր դեռեւս Սեւակի կենդանության օրոք: Եվ հետաքրքիր է, որ նրա անծանոթ այս բանաստեղծությունը տեղ չի գտել ժողովածուում ինչ-ինչ պատճառներով: Դրանք, ըստ գրականագետի, կարող են մի քանիսը լինել: Օրինակ` գրքույկը կարող էր ծավալային առումով սահմանափակ լինել, ու որոշ բանաստեղծություններ պարզապես դուրս մնային, կամ, հնարավոր է, այս գործը Սեւակին այնքան էլ դուր չի եկել, եւ նա այն համոզման է եղել, որ դա դեռ ենթակա է մշակման:
Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ Սեւակը շատ քիչ մանկական ստեղծագործություններ ունի, այս բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորեւ, կարելի է բավական արժեքավոր համարել:
Վարդն ու մանուշակը
Վարդն ու Մանուշակը քույր-եղբայր են եղել,
Միշտ իրար հետ կռվել, միշտ իրար են նեղել,
Վարդը եղունգներով ճանկռտել է նրան,
Նա էլ պոկոտել է շեկ մազերը սրա:
Մայրը շատ է նրանց խելք ու խրատ տվել,
Նրանք էլ` էլ չենք անի` ասել են ու երդվել,
Ասել են, բայց հետո էլի կռիվ ու լաց,
Էլի ճանկռտած ձեռքեր, էլի կռիվ ու լաց:
Երբ չի օգնել նույնիսկ պաչելն ու ծեծելը,
Մայրիկը բարկացել է, մի օր անիծել է,
Որ իրար հետ անվերջ կռվող եղբայր ու քույր
Մեկը մեկից միշտ էլ կարոտ մնան կյանքում:
Ինչպես ասաց մայրը, եղավ հենց այդպես էլ,
Այդ օրվանից նրանք իրար էլ չեն տեսել,
Որովհետեւ արդեն իրենց ամբողջ կյանքում
Տարբեր ժամանակ են միշտ էլ նրանք ծաղկում:
1970

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ
Վերջերս համացանցում է հայտնվել երգչուհի, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի հարցազրույցը` հունական ANT1 հեռուստաընկերությանը: Սոցցանցերում բուռն քննադատությունների են արժանացել Իվետայի հնչեցրած որոշ հայտարարություններ, որոնք առնչվում են ղարաբաղյան հարցին եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է հարցազրույցի ընթացքում Իվետայի արտահայտած մի քանի միտք. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում է, բայց դա Հայաստանի երկրորդ հանրապետությունն է»։ Դա Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը մինչեւ հիմա Ադրբեջանի հողի վրա է։ «Դա մի տարածք է, որ մինչեւ հիմա քննարկվում է` ումն է. Ադրբեջանը ասում է` մերն է, հայերը ասում են` մերն է», «Մեր մեծ եղբայր Ռուսաստանը, դուք գիտեք… (այստեղ Իվետայի մտքի թելը կտրվում է-Տ.Ք.)», «Սահմանում մարդիկ նորություն չեն կարդում, իրար սպանում են, նրանք գալիս են, գողանում են հայկական գյուղերը»։ Այնուհետեւ բլոգերը գրել է. «Ասածս ինչ է` մարդու ձեռքը որ Արցախի դրոշ եք դնում, գոնե կողքից բացատրեք, ինչ դրոշ է ու ինչ խոսել ապագայում։ Եվ, ընդհանրապես, ամեն մեկին դրոշ մի տվեք, մեկը ՀՀ դրոշը Կոնչիտայի ուսերին է փռում (նկատի ունի 2015-ին Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Եսայի Ալթունյանի կողմից Ավստրիայի ներկայացուցիչ, տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստի ուսերին ՀՀ դրոշը գցելը-հեղ.), մյուսը Արցախի դրոշը վերցնում է՝ Արցախը ադրբեջանական տարածք համարելով»,- գրել է նա։ «Ժողովուրդ»-ը փորձեց թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, սակայն մեզ պատասխանեցին, որ Իվետա Մուկուչյանն այժմ գտնվում է արտերկրում, իսկ «Հ1»-ից այդ հարցը մեկնաբանել չեն կարող:

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Ինչպես հայտնի է՝ 2015-ի դեկտեմբերը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի համար նշանավորվել էր անձնական կարեւոր իրադարձությամբ: Նա եւ «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը նշանադրվել էին: Այժմ արդեն «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Գոհարը գտնվում է արձակուրդում, քանի որ նախահարսանեկան եռուզեռի մեջ է: Նա ընդամենը մի քանի օրից պատրաստվում է օրինականացնել Նարեկի հետ հարաբերությունները: Այնպես որ, սպասենք զույգի պսակադրությանը:

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էն Հեթուեյը ՄԱԿ-ի՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցերով բարի կամքի դեսպան է նշանակվել: The Guardian-ի փոխանցմամբ` օսկարակիր դերասանուհին նշել է, որ դա իր համար մեծ պատիվ է: Ի դեպ, նա այս ասպարեզում զգալի փորձ ունի: Նախկինում մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանության հարցերով մի շարք միջազգային նախագծերի:




Լրահոս