«Ես շատ բարձր եմ գնահատում Հռոմի սրբազան քահանայապետի այցը, բայց ես դա չեմ պայմանավորում մեր 10 պատվիրաններով: Առհասարակ ոչ միայն 10 պատվիրաններն են կարեւոր, կարեւոր են նաեւ բուն քրիստոնեական ուսմունքի պահպանումը: Ես մինչ այդ էլ եմ գնացել պատարագների հաղորդության, հիմա էլ պետք է գնամ, իմ ընտանիքը ամեն կիրակի գնում է, տղաս նույնիսկ խորան է բարձրանում»,- պատասխանելով ArmLur.am-ի այն հարցին, թե հունիսի 24-ից հունիսի 26-ը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան ինչ ազդեցություն է թողել իր կյանքում, մասնավորապես 10 պատվիրանները կատարելու առումով, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս կարեւորեց Հռոմի Պապի այցելությունը Հայաստան` այն համարելով ուխտագնացություն: «Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի այցելությունը պատմական այցելություն էր, ավելի ճիշտ ուխտագնացություն էր առաջին քրիստոնեական երկիր: Եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սա եղբայրական այցելություն էր, եղբայրության, սիրո, խաղաղության քարոզ էր»,-հավելեց Շարմազանովը:
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան