Երեւանի “Զվարթնոց” օդանավակայանում այս պահին հավաքվել են Ստրասբուրգից վերադարձող ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում “Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին մի քանի տասնյակ դիմավորողները: Նրանք օդանավակայան են եկել ծաղիկներով ու եռագույն փուչիկներով:
“Ժառանգությունում” որոշում է կայացվել գնալ եւ դիմավորել Զարուհի Փոստանջյանին բարձրացված աղմուկից հետո, մասնավորապես՝ երբ ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչները հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորին օդանավակայանում ձվերով եւ լոլիկներով դիմավորելու մտադրության մասին:
Օդանավակայանում են “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը “Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը, “Ժառանգություն” կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, “Ժառանգության” անդամ Դավիթ Սանասարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և այլք:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը “Զվարթնոց” օդանավակայանից, Զ. Փոստանջյանին դիմավորում են միայն կողմնակիցները: Չկան լոլիկներ եւ ձվեր նետողներ:
Հավաքվածները Զարուհի Փոստանջյանին դիմավորեցին ծափահարություններով
եւ երգեցին Հայաստանի հիմնը: Իսկ Դավիթ Հարությունյանին դիմավորեցին սուլոցներով: Լրագրողների հետ ճեպազրույցում Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ նաև այն հարցին, որ համացանցում եւ հասարակական տարբեր վայրերում նրա արարքը դատապարտվում է: Փոստանջյանը ասաց, որ տեղյակ չէ այդօրինակ արձագանքներին՝ կծանաոթանա հետո նոր կմեկնաբանի: Այլ հարցերի պատգամավորը չպատասխանեց:
Լուսանկարները՝ Araratnews .am-ի