Բարձրացվում է օդանավակայանների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 7-10-ը Երևանի “Զվարթնոց” միջազգային և Գյումրու օդանավակայաններում ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Deutsche Post DHL ընկերությունը կազմակերպում են “Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համարե թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն իրականացվում է DHL ընկերության GARD (“Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար”) ծրագրի շրջանակներում:
Նպատակն է պատրաստել օդանավակայանների աշխատակիցներին և ենթակառուցվածքները` հաղթահարելու նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ բնական աղետների ժամանակ:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ դասընթացի պաշտոնական բացումը:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան և Deutsche Post DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին:
ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, ԱԻ նախարար Ա. Երիցյանի անունից ողջունեց դասընթացի կազմակերպիչներին ու մասնակիցներին, նշելով, որ սկիզբ է դրվում արդյունավետ համագործակցության.
– Այս տարի լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 25-ամյակը, որը շուրջ 25 հազար մարդու կյանք խլեց: Եթե մեր ենթակառուցվածքներն այն ժամանակ պատրաստված լինեին, մենք շատ ավելի քիչ կորուստներ կունենայինք: Ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, որը հիմնականում ստացվում էր օդանավակայանի միջոցով: Այսօր մենք հնարավորություն ունենք մեր գործընկերների օգնությամբ պատրաստել օդանավականները գործելու արտակարգ իրավիճակներում: Վստահ եմ, որ այդպիսով մեր օդանավակայանների պատրաստվածությունը կբարձրանա նոր մակարդակի:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան իր խոսքում ընդգծեց, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում բնական աղետներն առավել հաճախակի են դարձել.
– 1988 թ. ավերիչ երկրաշարժից քաղված դասերը ստիպեցին իշխանություններին վերանայելու բնական աղետներին իրենց արձագանքը: Մոտ մեկ տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն աջակցում է ազգային գործընկերներին՝ բարձրացնելու իրազեկվածությունը, խրախուսելու աղետներին դիմակայելու պատրաստվածությունը և ռիսկի նվազեցումը, ստեղծելու աղետների կառավարման ազգային հայեցակարգ, ինչպես նաև փոփոխելու ինստիտուցիոնալ, իրավական և կանոնակարգման դաշտը: Գրանցվել են մեծ ձեռքբերումներ. մշակվել են աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդունվել է ազգային պլատֆորմը:
DHL ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Կասպերսկին հանգամանալից ներկայացրեց GARD ծրագիրը և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել հայկական օդանավակայանների պատրաստվածությանն աղետներին:
Աշխարհի 20 օդանավակայան արդեն անցել է այս դասընթացը: Այն ուսուցանում է, թե ինչպես պետք է բնական աղետից հետո արդյունավետ օգտագործել նյութատեխնիկական կարողություններն ու տեղական փորձագիտական ներուժը, խուսափել խոչընդոտներից, ինչպես նաև արագ ու հմուտ կառավարել ներմուծվող մարդասիրական օգնությունը: Ծրագրի շրջանակներում, օդանավակայանների անձնակազմը, ինչպես նաև կառավարության և տեղական գերատեսչությունների ներկայացուցիչները կգնահատեն տեղանքն ու կմշակեն արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ:
Նշենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը “Ստեփանավան” օդանավակայանե ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ ԱԻ նախարարությանը: Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման ու գործարկման արդյունքում կբարձրանա արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:




Լրահոս