ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպե՞ս կարելի է ստանալ միանվագ հրատապ օգնություն: Եվ խնդրում եմ ասեք` ի՞նչ ժամկետներում է այդ գործընթացն իրականանում:
Լիլիա Իսկանդարյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված ընտանիքին՝
1. ընտանիքում երեխայի ծննդյան, որի չափը ներկայումս կազմում է 50 000 ՀՀ դրամ,
2. ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, որի չափը ներկայումս կազմում է 25 000 ՀՀ դրամ,
3. ընտանիքի անդամի մահվան դեպքերում, որի չափը ներկայումս կազմում է 50 000 ՀՀ դրամ: