Մենք ենք հրամանատարը, կառավարողը. Հերմինե Նաղդալյանը` ՀՕՊ-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի և Ռուսաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի շուրջ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

-Տիկի՛ն Նաղդալյան, ՀՕՊ համաձայնագիրը պետք է վավերացվեր սեպտեմբերին, սակայն այն արտահերթ նստաշրջանում սկսեց քննարկվել: Ինչո՞ւ, գուցե՞ ռուսական կողմը պահանջեց համաձայնագրի վավերացումն արագացնել:

-Ընդհանրապես մեր առօրյայում շատ հաճախ է լինում, երբ ամենապարզ բաները կանխամտածված թե պատահաբար օգտագործվում են լրիվ այլ մեկնաբանությամբ: Կարծում եմ՝ բոլորիս պարզ է, որ խորհրդարանը գնում է շուրջ երկուսուկես ամսվա արձակուրդի, եւ դա արդեն նշանակում է, որ որոշ խնդիրների քննարկման ընթացքում մենք պետք է փոքր-ինչ ավելի մոբիլություն ցուցաբերենք. սրանով է պայմանավորված:

-Ընդդիմադիր դաշտի շատ գործիչներ շարունակում են պնդել, թե համաձայնագիրը չի բխում Հայաստանի շահերից: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

-Կարծում եմ, որ քննարկումը, որը տեղի ունեցավ, բավականին լայն էր, իսկ մինչ այդ արդեն մեկ ամիս է՝ պայմանագիրը խորհրդարանում էր, եւ անընդհատ խոսվում էր, քննարկվում էր, դրա մասին բավականին շատ տեղեկատվություն կա, հետո եղավ պաշտպանության նախարարության տեղեկանքը, որտեղ պարզորեն ասվեց, եւ այս երկու օրվա քննարկումը նույնպես ցույց տվեց, մանրամասնորեն ներկայացվեց, որ սա Հայաստանի համար մեր օդային պաշտպանվածությունը, մեր ընդհանուր անվտանգությունը էլ ավելի բարձրացնելու, եւս մեկ աստիճան ավելացնելու, նաեւ ռուսական զինված ուժերի հսկայական ռեսուրսից օգտվելու հնարավորություն է: Եւ բնավ չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կստորագրեն մեր պետության ղեկավարները, գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը, որը կթուլացնի կամ կպակասեցնի մեր երկրի անվտանգությունը կամ պաշտպանվածությունը:

-Տիկի՛ն Նաղդալյան, եթե Ադրբեջանի կողմից հարձակում լինի, եւ ռուսական կողմը հապաղի, արդյո՞ք այդ դեպքում խնդիր չի առաջանա, քանի որ հրամանը փաստորեն տրվելու է ռուսական կողմից:

-Պայմանագրի մեջ հստակորեն գրված է. 6-րդ հոդվածը ասում է, որ հավաքական անվտանգության առանձին շրջանի, այսինքն՝ ՀՀ տարածքի կամ ՀՀ տարածքի որեւէ մասի վերաբերյալ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի կամ ուժերի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Այսինքն՝ մենք նախ՝ պահպանում ենք մեր ինքնուրույնությունը, երկրորդը՝ մենք ենք հրամանատարը, կառավարողը:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս