Ընտրական նոր օրենսգրքում կրկին փոփոխություններ անելու, իշխանության եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս ձեւավորելու հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախօրեին հայտարարեց, թե իշխանությունների հետ ԸՕ-ի շուրջ կոնսենսուս չի եղել, եղել է ընդամենը համաձայնություն որոշ հարցերի վերաբերյալ: Հիմա կա՞ կոնսենսուս, թե՞ ոչ եւ եթե չկա, այդ դեպքում միջազգային դոնոր կազմակերպություններից ի՞նչ ակնկալիքներ ունենանք:
-Կոնսենսուս ասածը պետք է հասկանանք որպես փոխադարձ համաձայնություն: Հիմա 102 կողմ ձայները կոնսենսուս չե՞ն: Մենք 4+4+4 ձեւաչափով եկել ենք քննարկման, որ ունենանք ավելի լայն կոնսենսուս, համաձայնություն: 5 հարցը իրենք են առաջ քաշել, առաջին նիստին եկան նշեցին, որ մենք ունենք 5 սկզբունքային հարց. չենք ուզում փոքր հարցերը քննարկել, որպեսզի 5 սկզբունքային հարցերը դրանց տակ չկորեն, եւ առաջ քաշեցին այս խնդիրները, մենք էլ սկսեցինք քննարկել:
5-ից 4-ի շուրջ եկել ենք համաձայնության, ինչի մասին վկայում է մեր հայտարարության տեքստը, որը բոլոր կողմերով ստորագրել ենք: Հիմա ով ոնց կբնութագրի, ինչ կանի, դա իր խնդիրն է:
-Ընտրական նոր օրենսգրքում մեկ կետ կա, ըստ որի՝ նախքան ընտրությունները յուրաքանչյուր ոք պետք է մատնահետքեր հանձնի: Արդյո՞ք այս մոտեցումը ճիշտ է, եւ որքանո՞վ է պարտադիր, որ մատնահետքերը տեղամասում եւս հանձնվեն: Չեք կարծում, որ շատերը կարող են ընդհանրապես մասնակցություն չունենալ մատնահետքի հանձնման գործընթացին, մասնավորապես հետախուզման մեջ գտնվող անձինք:
-Հետախուզման մեջ գտնվող մարդիկ եւ նրանց կարգավիճակը ընտրական գործընթացներին մասնակցելու առումով կարգավորված է: Խոսքը դրա մասին չէ՝ ոչ թե տեղամասում մատնահետք չթողնեն, այլ որպեսզի ես եւ Դուք, եթե նույնականացման քարտ չունենք, փորձենք մեր ընտրական սահմանադրական իրավուքն իրացնել, պետք է նախապես գրանցվենք, մատնահետք թողնենք, ստանանք նույնականացման քարտ եւ մասնակցենք ընտրություններին: Պրակտիկորեն հնարավոր է, չէ՞, որ զբաղված լինեք, մենք զբաղված լինենք եւ այդ գործընթացին չմասնակցենք, նախապես չգրանցվենք, բայց ընտրության օրը փորձենք մեր ընտրական իրավունքը իրացնել:
Հնարավոր է, չէ՞, որ մարդիկ արտագնա աշխատանքից վերադառնան եւ փորձեն իրենց ընտրական իրավունքը իրացնել, այս դեպքում լրացուցիչ ցուցակների մեջ պետք է ընդգրկվեն սահմանված կարգով այդ գործընթացն անցնելու համար: Եթե այդ անձանց թիվը շատ լինի, եթե չհասցնենք, ընտրության օրը գան, ասեն ինչու՝ մենք չենք կարողանում մասնակցել, դա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:
-Ներկայիս ԸՕ-ով եթե որեւէ կուսակցություն մեկ տարվա ընթացքում մասնակցի ԱԺ, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրություններին, ապա միայն նախընտրական գրավի համար պետք է ծախսի 19 մլն դրամ (10+3+3+3): Հայաստանի տնտեսական պայմաններում նման բարձր գրավը ինչո՞վ է պայմանավորված:
-Յուրաքանչյուր երկրում էլ այդ պաշտպանիչ միջոցները եւ միջոցառումները կիրառվում են, որպեսզի ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ այս կամ այն ընտրություններին չմասնակցի: Տարբեր ցենզեր կան, կա նաեւ կանխավճարը, այսպես ասած, դրամային արտահայտության, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի:
Եթե քաղաքական ուժը ինքը հավատում է իր ուժերին եւ պետք է գնա, ընտրություններին մասնակցի, կայացած է, այդ միջոցները, կարծում եմ, կճարի, առավել եւս եթե որոշակի տոկոսը հաղթահարում ես, այդ գումարը, գրավը քեզ վերադարձվում է: Սա պաշտպանիչ, զտիչ միջոցառում է, պատկերացրեք, եթե 100-ից ավել քաղաքական ուժեր մասնակցեն ընտրություններին, ինչ կլինի:
-Պարո՛ն Սահակյան, ընդդիմության մոտ կասկածներ կան, որ ֆինանսական միջոցների հայթայթման նախապայմանը դրված է, որպեսզի մինչեւ սեպտեմբեր այդ հարցը չլուծվի եւ չընդունվի այս փաթեթը: Ի՞նչ կասեք:
-Մենք մեր խոստումները կատարել ենք. միանգամից արտահերթ նիստ հրավիրեցինք, քննարկեցինք, եւ այն հայտարարությունը, որ ստորագրել ենք, կետ կա, որ դիմում է միջազգային դոնոր կազմակերպություններին, եւ այն կողմերը, որ բանակցել են, բանակցել են միասին միջազգային կառույցների հետ եւ եղել են բաց, թափանցիկ, բոլորի համար հասանելի: Եւ միջազգային հանրությունն է հավանություն տվել, մենք այդ ընդհանուր եզրահանգումը դրամական միջոցներով կներկայացնենք եւ կիրականացնենք:
Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հնարավորությունը լինի, բայց այս մթնոլորտը, անլուրջ պահվածքը, կարծում եմ, բացասական ազդակ կարող է լինել միջազգային դոնոր կազմակերպություններին:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ