ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որտեղ քննարկվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում տարածված ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մոնիտորինգի իրականացման խնդիրների, ՀՀ Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի ստեղծման նախագծի, Սևանա լճի էնդեմիկ արժեքավոր ձկնատեսակների համար ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակի, ջրաբանական ռեժիմի փոփոխությունների և բնական ձվադրման ընթացքը խոչընդոտող գործոնների, օդի, ջրի, հողի մոնիթորինգային ցուցանիշները Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ օրակարգային հարցերը:
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում տարածված ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մոնիթորինգի իրականացման աշխատանքները և դրանց հետ կապված խնդիրները ներկայացրել է ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Աշոտ Հովհաննիսյանը, մասնավորապես նշելով. Այս պահին իրականացվում է կարմիրգրքային տեսակների կադաստրի վարման գործընթացը, որի ավարտից հետո նախատեսվում է իրականացնել նաև հանրապետության տարածքում առկա կենդանական և բուսական աշխարհի մնացած տեսակների մոնիթորինգ և հաշվառում:
Հանրապետության տարածքում հանդիպող վայրի բույսերի և կենդանիների կադաստրի վարման աշխատանքները խթանելու նպատակով Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալությանն օգտագործել Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի դրամաշնորհային հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքներում ներգրավել ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի և կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականներին:
Անդրադառնալով բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանատեսակների վերաբնակեցման ուղղությամբ իրականացվող գործողություններին, մասնավորապես ազնվացեղ եղջերուի կենսունակ առանձնյակներ ներկրելու և Դիլիջան ազգային պարկի տարածքում վերարտադրվող խումբ ձևավորելու ուղղությամբ՝ նախարար Գրիգորյանը հանձնարարել է առավել սերտ համագործակցել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ:
Օրակարգային երկրորդ հարցով ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի ստեղծման նախագիծը: Կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման և տեղեկատվական լուծումների կիրառումը՝ Հակոբյանը մասնավորապես նշել է. Նախատեսվող համակարգը առավել հասանելի և արդյունավետ միջոց կդառնա կենսաբազմազանության պահպանման, տեսակների ճանաչելիության բարձրացման և ռեսուրսների արդյունավետ կառավարման առումով:
Քննարկման ընթացքում կարևորվել է ՀՀ Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագրի անհրաժեշտությունը, կիրառման մատչելիությունը, տեղեկատվության ճկունությունը և օգտագործման լայն շրջանակները: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ծրագիրը կարող է հարթակ հանդիսանալ բնապահպանական ողջ ֆորմատի տեղեկատվության համար: Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի միասնական էլեկտրոնային ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նախատեսվում է բանակցություններ վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Սևանա լճի էնդեմիկ արժեքավոր ձկնատեսակների համար ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակի, ջրաբանական ռեժիմի փոփոխությունների և բնական ձվադրության ընթացքը խոչընդոտող գործոնների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Է. Ղուկասյանը:
Քննարկման արդյունքնում նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է Սևան ազգային պարկի տնօրենին փոխհամաձայնեցված կերպով աշխատել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ սեռահասուն սաղմոնազգի ձկնատեսակներ որսալու և արհեստական եղանակով բուծելու նպատակով գետերի հուներում թառփերի տեղադրման, վերահսկման և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակման ուղղությամբ: Նախարարը Սևան ԱՊ-ին և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարել է ուսումնասիրել բնական ձվադրավայր հանդիսացող գետերի հուների վիճակը, խոչընդոտող գործոնների առկայությունը և ներկայացնել առաջարկներ:
Օրակարգային վերջին հարցով Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ներկայացրել է Եվրամիության ստանդարտներին օդի, ջրի, հողի մոնիթորինգային ցուցանիշների համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող գործընթացները:
Կոլեգիայի անդամները, քննարկելով Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքային պայմանների, լաբորատորիայի միջազգային ստանդարտներին համապատասխան հնարավորությունների և հագեցվածության խնդիրները, ընդգծել են հողի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը, ջրի էկոլոգիական որակի գնահատականի կարևորությունը և կենսաբանական մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:
Ամփոփելով հարցը՝ նախարար Ա. Գրիգորյանն առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մ.Գալստյանին` կոլեգիայի հաջորդ նիստում ներկայացնել Տեխնածին գործունեության հետևանքով աղտոտված հողերի վերականգնման վերաբերյալ առաջարկ: Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Ս.Սահակյանին հանձնարարվել է ներկայացնել հողի մոնիթորինգի իրականացման հնարավորությունների մասին առաջարկ: