«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահից է գալիս պատգամավորների անզուսպ պահվածքը: Խորհրդարանը երբեք այսքան ցածր մակարդակի վրա չէր եղել, ինչպես անցած նստաշրջանի ժամանակ: Նույնիսկ Տիգրան Թորոսյանի նման ոչ խստաբարո մարդը կարողանում էր բռի մեջ պահել խորհրդարանը»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ-ում աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող «հնաբնակներից» մեկը:
Նա հիշեց այն ժամանակները, երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանն էր:
«Կարեն Դեմիրճյանի ժամանակ այնպիսի կարգուկանոն էր տիրում նիստերի դահլիճում, որ որևէ պատգամավոր ավելորդ ծպտուն չէր հանում, անգամ հազալիս էին շշուկով հազում»,-ասում է մեր զրուցակիցը:
Գալուստ Գրիգորիչի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո շատերը խորհրդարանը նմանեցնում են մանկապարտեզի, իրեն էլ՝ մանկապարտեզի դաստիարակի: Իսկ Սահակյանի լեզվի «սայթաքումներն» ու խոսքի հումորային դրսևորումները մեծ զվարճություն են պարգևում ԱԺ նիստին հետևողներին և անեկդոտների նյութ դառնում:
Նա, օրինակ, շփոթում է պատգամավորների անունները կամ մոռանում քվեարկության դնել որևէ օրինագիծ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: