Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` օրերս հրապարակած զեկույցում ՀՀ զինված ուժերում 2010թ. գրանցված 43 մահվան դեպքերից որպես ամենաաղաղակողը իրավապաշտպան Արթուր Սաքունցը համարել է շարքային Կարո Այվազյանի դեպքը: Համաձայն պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության` 2010 թվականի հուլիսի 28-ին Կ. Այվազյանը դիրքերում սպանել էր մեկ սպայի եւ 4 զինվորի, ինչից հետո ինքնասպան էր եղել: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ 6 անձ զոհվել է «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով»: Նույն Արթուր Սաքունցն այն ժամանակ բացահայտել էր որոշ փաստեր, որոնք հակասում էին պաշտոնական վարկածին: Ըստ այդմ` ավագ լեյտենանտն ու սերժանտը մարտական դիրքում քնելու համար զինվորներից մեկին սկսել են այնպես վիրավորել ու նվաստացնել, որ Կարո Այվազյանը, չկարողանալով դա հանդուրժել, գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել կրակոցի ձայնի վրա վազած 3 զինվորներին ու ինքնասպան եղել: Կարո Այվազյանի գործով նախաքննությունը ՊՆ քննչական ծառայությունում շարունակվում է: Հարցին, թե ստացվել ե՞ն Կարոյի գործով դատաբժշկական եւ մյուս փորձաքննությունների պատասխանները եւ այնտեղ չկա՞ն կասկածելի հակասություններ,փաստաբան Հերբերտ Մարուքյանը ասաց. «Մենք որեւէ բան չենք ստացել, որ կասկածի տակ դնենք կամ չդնենք: Քանի որ Կ. Այվազյանը տուժողի կարգավիճակ չունի, մենք որեւէ նյութ ստանալու իրավունք չունենք: Արդյունքում աբսուրդ վիճակ է ստացվում: Դուրս է գալիս` իրեն անօրինական տարել են բանակ, ինչի արդյունքում ինքը սպանություններ է արել, հետո էլ ինքնասպանություն է գործել ու ինքը տուժող չի»: Հիշեցնենք, որ Կարո Այվազյանը 3 տարեկանից մոր հետ բնակվում էր ԱՄՆ-ում եւ 2009 թվականի մայիսին ԱՄՆ իշխանությունների կողմից արտաքսվել էր Հայաստան: 13 տարեկանից ԱՄՆ-ում դատապարտված քսանմեկամյա երկտասարդը վատ առողջություն ուներ: Ուստի այստեղ գտնվող պապը` Ջիվան Միքայելյանը, Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանին դիմել էր թոռանը անկայուն հոգեվիճակի, վատ առողջության պատճառով զինվորական ծառայությունից ազատելու խնդրանքով, սակայն ապարդյուն: «Դատապարտված է եղել` մեկ, բանտից փախած է եղել` երկու, զենք կրելու իրավունք չի ունեցել` երեք : Բացի այդ` նաեւ հայերեն չի իմացել: Եթե ինքն է սպանել, ինչպես պնդում է պաշտոնական վարկածը, ապա սխալ զորակոչի արդյունքում: Հիմա ո՞վ է պատասխան տալու: Հիմնական հարցը սա է. թող իրեն բանակ չտանեին,նման դեպք չէր լինի, վեց մարդ էլ չէր զոհվի»,-կարծիք հայտնեց փաստաբան Հերբերտ Մարուքյանը: Ի տարբերություն փաստաբանի` Կարոյի պապը երեկ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, որ իր թոռը չէր կարող նման անիմաստ ու դաժան սպանություն գործել: Առավել եւս, որ մշտապես պահանջում էր, որպեսզի տնից զորամաս առաքվող ուտելիքը շատ լինի, որ կարողանա ընկերներին էլ հյուրասիրել:Ջ. Մելիքյանի համար բազմաթիվ հարցականների տեղիք է տալիս նաեւ այն, թե ինչպես է, որ երկար ավտոմատի կոթը բերանին դնելով ինքնասպանություն գործելուց հետո Կարոյի ոչ մի ատամը չի ջարդվել: Նրա քեռին էլ` ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը, նշել էր, որ Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցն իրեն ասել են, որ զոհերից երեքը սպանվել են կԽ (գնդացիր) տեսակի զենքի կրակոցներից. «Այսինքն ստացվում է, որ 3-ին կԽ-ով էր սպանել, երկուսին` ավտոմատո՞վ»,-տարակուսում էր նա: Կասկածների տեղիք է տալիս նաեւ այն, որ դիահերձման համար Կարոյի դիակը սկզբից տարել են Հադրութ, ապա բերել Արտաշատ, ընդ որում` մերկ վիճակում:Եթե թաքցնելու բան չունեին, ո՞ւր էին անհետացել շորերը:Կարոյի պապի կարծիքով նախաքննությունը մտել է փակուղի: Իսկ քննիչն էլ մշտապես իրեն ասում է, որ դատաբժշկական փորձաքննությունների պատասխանները չկան: «Ես տենց եմ հասկանում, որ ուզում են հետմահու… բայց ես տենց չեմ թողալու, արտասահմանից մասնագետներ եմ բերելու արտաշիրիմում անեն»,-ասաց զոհվածի պապը: Մենք զանգահարեցինք նաեւ ՊՆ քննչական վարչություն`ճշտելու, թե արդյոք հնարավոր է, որ նախաքննության հիմնական վարկածը փոխված լինի: Սակայն մեզ պատասխանեցին, որ ելնելով նախաքննության շահերից` այս պահին նպատակահարմար չեն գտնում պատասխանել որեւէ հարցի:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԹՂԹեՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ