ԹՔԱԾ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ տարի առաջ այս օրերին «Վրացական երազանք»-ով տարված Վրաստանի բնակչությունը լսում էր Բիձինա Իվանիշվիլու գրեթե հեքիաթային խոստումները եւ հավատում այդ երազանքին: Այսօր, սակայն, վրացիների գերակշիռ մասն արդեն հիասթափվել է Իվանիշվիլուց, քանի որ նրա խոստացած տնտեսական աճի անգամ մեկ քառորդը  տեսանելի չէ: Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ այսօր արդեն վրացիների 66 տոկոսը դժգոհ է Իվանիշվիլու տնտեսական քաղաքականությունից: Հատկապես առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այս իրողությունը լրջորեն մտահոգել է Իվանիշվիլու թիմակիցներին, որոնք մանրակրկիտ ձեւով հանրությանը պարզաբանում են իրենց կատարած յուրաքանչյուր քայլի շարժառիթները: Եվ դա բնական է, քանի որ  Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, հանրային հիասթափության խորացման դեպքում իշխանափոխությունը միանգամայն սպասելի է: Իսկ մեզ մոտ նման ամենափոքր հավանականությունն անգամ բացառվում է, քանի որ մեր իշխանություններն արդեն «իմունիտետ» են ձեռք բերել, եւ նույնիսկ ժողովրդի հարյուրտոկոսանոց հիասթափությունն ու դժգոհությունը նրանց չեն անհանգստացնում: Մեզ մոտ նախագահը կարող է հայտարարել, թե հունվարի մեկից աշխատավարձերը բարձրանալու են, իսկ ընդամենը երեք շաբաթ անց վարչապետը կարող է ասել, որ դա տեղի չի ունենալու: Ընդ որում` ո՛չ երկրի նախագահն է հարկ համարում պարզաբանել, թե ինչու է օդի մեջ խոստումներ տվել, ո՛չ էլ վարչապետն է պարզաբանում, թե ինչու նախագահի խոստումը չի իրականանա: Կամ էլ` առանց այդ էլ աղքատ բնակչությունը կարող է երկու ամիս շարունակ վճարել թանկացած գազի դիմաց, այն դեպքում, երբ այդ գազի թանկացման պայմանագիրը դեռեւս կնքված չէ: Իսկ հետադարձ պարզաբանմամբ, թե այդ պայմանագիրը կնքվել է «Հայռուսգազարդ»-ի եւ «Գազպրոմ»-ի միջեւ, կառավարությունը հանրությանը ներկայանում է որպես «անմեղսունակների հավաքածու», քանի որ ստացվում է, որ «Գազպրոմ»-ը պայմանագիր է կնքել ինքն իր հետ («Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 80 տոկոսը «Գազպրոմ»-ինն է): Առհասարակ, մեր իշխանությունները թքած ունեն հայ ժողովրդի կարծիքի վրա: Ու նաեւ դա է պատճառը, որ նրանց ամենեւին էլ չի հուզում, թե իրենց մասին ինչպիսի հայհոյանքներ են հնչում երկրի ներսում` սկսած հանրահավաքային հարթակներից, ավարտած երթուղային տաքսիներով: Հենց նույն «կազինոներում» խաղալու պատմության հետ կապված` հայկական ամենահին թերթերից մեկը գրեթե տասնյակ տարի ամեն համարում գրել է այդ մասին, իսկ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ Սերժ Սարգսյանի խաղամոլ լինելու փաստը ժամանակին դարձրել է իր նախընտրական քարոզչության հիմնական թեմաներից մեկը: Սակայն Ս. Սարգսյանին այդ ամենը չի անհանգստացրել, քանի որ նա հրաշալի գիտեր, որ անգամ «շրիշակից ցածր» վարկանիշ ունենալու դեպքում «հաղթելու» է ընտրություններում:




Լրահոս