Ակրոբատ, երգչուհի, պարուհի Թինա Քեյը երկրպագուներին խոստանում է, որ մինչեւ օգոստոսի վերջ պատրաստ կլինի իր առաջին ձայնասկավառակը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ալբոմում հիմնականում ներառված կլինեն ռուսերեն երգեր. «Այդ լեզուն տեմբրի առումով ինձ շատ հոգեհարազատ է»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ արդեն քննարկումներ են ընթանում նաեւ նոր տեսահոլովակի սյուժեի շուրջ: Թինայի խոսքով` նոր տեսահոլովակի շրջանակում ինքը, միանշանակ, հանդես է գալու պարային, կրկեսային համարներով. «Կարծում եմ` բոլոր երգչուհիներից էլ լավ եմ պարելու»,- ասաց նա:
Թինան հույս ունի, որ եթե ձայնասկավառակը, որը նա նախատեսել է ռուսաստանյան լսարանի համար, հաջողություն ունենա, ապա ինքը կկարողանա իրականացնել իր վաղեմի երազանքը` հանդես կգա մենահամերգով: «Հիմա այդ երազանքը դեռ շատ հեռու է ինձնից»,- խոստովանեց նա:
Մեր այն հարցին, թե որտեղ է պատրաստվում երգչուհին անցկացնել իր ամառային հանգիստը, վերջինս պատասխանեց. «Օգոստոսի վերջին մեկնելու եմ Մոսկվա, որտեղ մտադիր եմ ժամանակս անցկացնել հարազատ քրոջս եւ եղբորս հետ, որոնք երկար տարիներ է` ապրում են Լոնդոնում: Այնպես որ, հետաքրքիր ճամփորդություն է սպասվում»:
Հարցին` ակտիվ թե պասիվ հանգստի սիրահար է, Թինան պատասխանեց. «Առհասարակ, քանի որ իմ առօրյան անցնում է բավական ակտիվ միջավայրում, ես նախընտրում եմ պասիվ հանգիստը»:
«Իսկ արդյոք պարուհուն չի՞ գրավում ակումբային կյանքը»,- հարցրինք մենք: «Շատ եմ սիրում ակումբային, գիշերային կյանքը:
Հայաստանում չեմ գնում, բայց երբ մեկնում եմ արտերկիր, անպայման այցելում եմ համապատասխան ժամանցային վայրեր»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան