Նիկոլ Փաշինյանն աճպարար չէ, որ կախարդական փայտիկով մեր երկրի ահռելի բացերը լրացնի. Թինա Քեյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյը պատրաստվում է ամռանը մեկնել ծովափնյա որեւէ երկիր հանգստանալու: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ չնայած իր հախուռն բնավորությանը՝ պասիվ հանգստի կողմնակից է. «Նախորդ տարի աշխատանաքային պրոցեսի մեջ էի, նաեւ կրտսեր բալիկս դեռ փոքր էր, այդ պատճառով այդպես էլ չմեկնեցի հանգստի, բայց այս տարի արդեն բացը կլրացնեմ»,-ասաց նա:
Մենք հարցրինք՝ գործնական կյանքում ինչ նորություններ ունի Թինան: Նա նշեց, որ աշխատում է նոր երգի տեսահոլովակի վրա. այն ռուսերեն ստեղծագործություն է: Հարցին, թե ինչու է միշտ ռուսերեն երգում, Թինան պատասխանեց. «Իմ ձայնի տեմբրին հարմար է ռուսերենը, թեեւ ասեմ, որ հոյակապ երգում եմ նաեւ, օրինակ, հայկական ժողովրդական երգեր, բայց ժողովրդականը իմ ոճը չէ»:
Թինան` որպես պարուհի, եւս նորություն է պատրաստում. «Մտադիր եմ մի նախագիծ կյանքի կոչել, եթե ստացվի, պայթյուն կլինի»,-ասաց նա՝ դեռեւս չբացելով փակագծերը:

Մեր զրուցակիցը տեւական ժամանակ էր՝ արտերկրում էր, եւ երբ վերադարձել է հայրենիք, իր խոսքով, մարդկանց դեմքերին ժպիտ եւ հույս է հայտնաբերել:

«Ինձ համար միեւնույն է՝ ով է կառավարում երկիրը, կարեւորն այն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի, որ այն խրախճանքն ու հաղթանակը, որ վայելեց ամիսներ առաջ, իզուր չանցնի»,-շեշտեց Թինան:

Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարում մեր երկիրը «կերել» եւ «ավերել են», ուստի նոր կառավարության համար դժվար է լինելու արագ տեմպերով դրական տեղաշարժեր գրանցել. «Նիկոլ Փաշինյանն աճպարար չէ, որ կախարդական փայտիկով մեր երկրի ահռելի բացերը կարողանա լրացնել»,-կարծիք հայտնեց պարուհին՝ հույս հայտնելով, որ մեր ազգը, այնուամենայնիվ, հերթական անգամ կոտրվելու առիթ չի ունենա:
Թինան նախընտրելի կուսակցություն չունի եւ քաղաքական «խաղերի» մեջ իրեն՝ որպես արտիստուհի, չի տեսնում. «Ոչ մի կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթ չեմ ունեցել, ինձ այդ միջոցով աշխատած գումարը պետք չէ: Ես միայն իմ ժողովրդի համար եմ պատրաստ ելույթ ունենալ»,-եզրափակեց նա:

Անի Անտոնյան




Լրահոս