ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԱԺ-ՈՒՄ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է եւ հաճախ է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, գրեթե մեկուկես տարի է, ինչ Դուք խորհրդարանում եք, խնդրում եմ նշել, թե ինչ եք արել այս ընթացքում եւ օրենսդրական ինչ նախաձեռնությամբ եք պատրաստվում հանդես գալ:
-Ես բնապահպանության եւ գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ եմ եւ ընդհանրապես զբաղվում եմ գյուղատնտեսական եւ բնապահպանական աշխատանքներով: Կոնկրետ այս պահին նախագիծ չունենք, բայց աշխատում ենք 2 նախագծի վրա:
-Իսկ չե՞ք պատրաստվում ինքներդ առանձին նախագիծ ներկայացնել:
-Ո՛չ, որովհետեւ նախագիծը պարունակում է այնպիսի ոլորտներ, որ մենակով հնարավոր չէ ներկայացնել:
-Դուք նախկինում եղել եք Մեդովկայի գյուղապետի տեղակալը, դժվա՞ր չէ այդ պաշտոնից տեղափոխվել խորհրդարան ու զբաղվել օրենսդիր գործունեությամբ:
-Այո՛, օրենսդիր գործունեությամբ, բայց ես հենց սկզբում նշեցի, որ ես գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովում եմ ընդգրկված, ու դժվար չէ, քանի որ այնտեղ մասնագիտական հարցեր կան, ու լուրջ աշխատանքներ են իրականացվում: Ես ինձ ԱԺ-ում զգում եմ այնպես, ինչպես պետք է պատգամավորն իրեն զգա խորհրդարանում:
-Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքներից:
-Կներեք, բայց այդ հարցը խնդրում եմ ուղղել Գ. Ծառուկյանին:
-Դուք անձամբ կարողանո՞ւմ եք հանդիպել Գ. Ծառուկյանի հետ, կնշե՞ք, թե ինչ հարցեր եք քննարկում նրա հետ:
-Ներկուսակցական հարցեր: Ես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եմ, պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում մշտապես գյուղատնտեսության ոլորտն է:
-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Գ. Ծառուկյանի հետ եւ ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Մոտակա ժամանակներս՝ երեւի մոտ 1 ամիս առաջ: Քննարկել ենք տարբեր հարցեր, բայց գյուղատնտեսության հարցերը մշտապես պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են: Ինքը գյուղատնտեսությանը շատ բարձր տեղ է տալիս, այսինքն՝ տեխնիկայով է աջակցում եւ այլն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս