ԴԱՀԿ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԵՏԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ օգոստոս ամսին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարված կոռուպցիոն մի գործարքի: Այդ հարցը բարձրացվեց նույնիսկ ՀՀ ԱԺ դահլիճում: Միայն թե, ՀՀ իշխանությունները շարունակում են համառորեն աչք փակել կատարվածի վրա:
Խոսքը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակազմի համար չինական BYD մակնիշի ավտոմեքենաներ գնելու մասին է: Բանն այն է, որ Հայաստանում BYD ավտոմեքենաներ ներկրելու իրավունքը պատկանում է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրն ու սեփականատերը նույն ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն է: Այլ կերպ ասած՝ Մ. Պողոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է իր հիմնադրած ընկերությունից` «Քեթրին գրուպ»-ից մեքենաներ գնելուն: Ուշագրավն այն է, որ նույն Մ. Պողոսյանի ծառայողական ավտոմեքենան բոլորովին այլ մակնիշի է` «Մերսեդես»:

Եվ այսպես` 5 տարի շարունակ

Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2008թ. հունիսի 11-ից: Նրա պաշտոնավարման տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը, ըստ պաշտոնական տեղեկատվության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել «Քեթրին գրուպ»-ից` յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ: «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենաներ է ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին եւ 2011 թվականի սեպտեմբերի 20-ին` համապատասխանաբար BYD մակնիշի մեկ ավտոմեքենա` 5 մլն 818 հազար դրամ արժողությամբ եւ Toyota մակնիշի ավտոմեքենա` 5 մլն դրամ արժողությամբ»,-«Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը պատասխանել են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Այլ կերպ ասած՝ այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ կամ ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար ուղղել է Մ. Պողոսյանի հիմնադրած ընկերությունից գնումներ կատարելուն ու նրա բիզնեսը զարգացնելու «սրբազան գործին»:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, սակայն, պնդում են, որ ԴԱՀԿ ավտոպարկում իրականում BYD մակնիշի մեքենաների թիվն ավելի շատ է` մոտ 15 հատ: Ասել է թե` պաշտոնական տեղեկատվության մեջ ԴԱՀԿ-ը թաքցրել է ձեռք բերած մեքենաների իրական քանակը: Բայց անգամ պաշտոնական տվյալներով բավական «անհարմար» բան է ստացվում:

Լրացուցիչ ծախսեր

Նկատենք, որ պետական բյուջեի հաշվին «Քեթրին գրուպ»-ին հարստացնելու գործընթացը միայն ավտոմեքենաներ գնելով չի սահմանափակվում: Այդ ընկերությունը պարտավորվում է նաեւ հետեւել այդ ավտոմեքենաների տեխնիկական վիճակին` ապահովելով դրանց վերանորոգումն ու տեխնիկական սպասարկումը: Իսկ դա ենթադրում է պետական բյուջեից ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրին գրուպ»-ին պարբերաբար լրացուցիչ գումարների հոսք: 2013թ. ընթացքում արդեն այդ նպատակով ծախսվել է 1 մլն 300 հազար դրամ: Եվ ենթադրվում է, թե վերանորոգման ու տեխնիկական սպասարկման անվան տակ առաջիկայում որքան գումարներ են պետբյուջեից հոսելու դեպի Մ. Պողոսյանի հիմնադրած ընկերություն:
Տվյալ դեպքում գործ ունենք շահերի բախման հետ: Բացի այդ՝ տեղի ունեցածը, թերեւս, կոռուպցիայի դասական օրինակ է, որը տարածված է ողջ աշխարհում: Միայն թե` ողջ աշխարհում նմանատիպ փաստերի բացահայտումից հետո այդ գործարքների կնքահայր պաշտոնյաները սովորաբար հրաժարական են ներկայացնում: Այնինչ Մ. Պողոսյանը համարվում է իշխանության ներսում ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկը: Ու հիմա նա այս սկանդալից հետո ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլեւ ցանկություն ունի տեղափոխվել ավելի բարձր պաշտոնի: Ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, նա ԱԱԾ ներկայիս ղեկավար Գորիկ Հակոբյանի՝ թոշակի անցնելուց հետո հավակնում է դառնալ ԱԱԾ պետ: Մանավանդ որ Մ. Պողոսյանը բավարարում է այդ չափանիշներին` արմատներով ղարաբաղցի է, տարիներ շարունակ աշխատել է ԱԱԾ-ում որպես օպերլիազոր եւ բացի այդ՝ ունի հզոր հովանավոր` իր քեռին՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից է:

Արդարացումներ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ԴԱՀԿ-ն ինչու է հենց այդ ընկերությունից մեքենաներ գնել, հետեւյալ պատասխանն ենք ստացել. «ԴԱՀԿ ծառայության կողմից BYD մակնիշի ավտոմեքենա գնելու հանգամանքը պայմանավորված է գնի, պահեստամասերի, սպասարկման ծառայությունների մատչելիությամբ, ինչպես նաեւ վառելիքի ծախսի խնայողությամբ»: Այս զուգահեռներից հետո, թերեւս, միամիտ պետք է լինել` հավատալու համար ԴԱՀԿ նման պնդումներին: Առավել եւս, երբ շուկայում BYD-ից ավելի էժան մակնիշի մեքենաներ էլ կան:
Ի դեպ, Մ. Պողոսյանը ոչ միայն ԴԱՀԿ-ի համար է ձեռք բերել BYD մակնիշի մեքենաներ, այլեւ իրեն եւ քեռուն պատկանող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության համար: Հիշեցնենք, որ այդ ընկերությունը զբաղվում է վճարովի ավտոկայանատեղիներով:
Հ.Գ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կայքում Մ. Պողոսյանի կենսագրության մեջ նշված էր, որ նա 1996թ. հիմնադրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն: Սակայն երբ երեկ կրկին նայեցինք ԴԱՀԿ-ի կայքը, պարզվեց` Մ. Պողոսյանի կենսագրության այդ դրվագն այլեւս չկա. «1996թ. հիմնադրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն» տողը պարզապես անհետացել է:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. Մ. Պողոսյանը ՀՀ այն պաշտոնյաներից է, որը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այդպես էլ չի ներկայացրել իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր: Ամենայն հավանականությամբ, նա իրեն դասում է արտոնյալների թվին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս