ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ
Սեպտեմբերի 25-30-ին Երեւան քաղաքում ոստիկանների կողմից բերման են ենթարկվել 32 մարմնավաճառներ: Ոստիկանությունից հայտնում են, որ նման միջոցառումները շարունակվելու են:

ՁՎԵՐՈՎ ՉԵՆ ԽՓԻ
Անդրադառնալով այսօր օդանավակայանում Զարուհի Փոստանջյանի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու երիտհանրապետականների կոչերին, ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր  Կարեն Ավագյանն «Առավոտ»-ին ասել է. «Անկեղծ ասած, չենք պատրաստվում որեւէ նման գործողության, քանի որ մենք չենք գտնի ակցիայի մի տեսակ, որն ավելի շատ կխայտառակի Զ. Փոստանջյանին, քան իր արարքը»:

ԷԼԻ ԽՈՍՏԱՑԱՎ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Իր ելույթում նա անդրադարձել է աշխատավարձերի բարձրացմանը` դարձյալ խոստումներ շռայլելով. «Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017թ. այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա»: Նշենք, որ արդեն երրորդ տարին անցկացվող այս համաժողովի միակ արդյունքը, մասնակիցների մեծ մասի գնահատմամբ, ընդամենը Ջերմուկում «մի կտոր հավեսով հաց ուտելու» հնարավորությունն է: Ընդ որում, դա էլ արվում է Վայոց Ձորի համայնքապետերի հաշվին:

ՈՐ ՁՎԵՐՈՎ ՉԽՓԵՆ
«Ժառանգության» համակիրները եւս պատրաստվում են այսօր՝ 19:30-ին, դիմավորել Զարուհի Փոստանջյանին: «Ֆեյսբուք»-ում «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին» անվանումով «event» է ստեղծվել, որին արդեն ավելի քան 150 հոգի մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՑՆՑՎԵԼ ԵՆ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանն» ասել է, թե «կազինոյում» խաղալու եւ մեծ գումարներ տանուլ տալու մասին Փոստանջյանի հարցը ցնցել է ԵԽԽՎ պատգամավորներին. «Բոլորի համար ուղղակի անընդունելի էր, անգամ այն պատգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ եւ ովքեր մշտապես ուրախացել են, երբ Հայաստանի հետ կապված որեւէ տհաճ միջադեպ է տեղի ունեցել»։

ՆԱ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, ով համարվում է Արեւելյան գործընկերության ծրագրի կնքահայրերից մեկը, հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը պլանավորում է 500 մլն եվրո հատկացնել ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներին: «Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ակնկալում ենք ավարտել Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի դրույթը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ու շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն կարելի էր ավարտել բանակցությունները նաեւ Հայաստանի հետ, բայց հիմա այդ առումով լուրջ կասկածներ են առաջացել»,-«Ազատության» փոխանցմամբ` ասել է նա:

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԻՋՈՑՈՎ
Զարուհի Փոստանջյանն իրեն ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմից հանելու կապակցությամբ երեկ դիմել է ԵԽԽՎ բյուրոյի անդամներին, որտեղ հարցը քննարկվել է  ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի առաջարկությամբ:




Լրահոս