ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴՈՒՐՍ ԿԳԱ
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ազատ է արձակվելու: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա հարազատներին արդեն տեղեկացրել են, որ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ կիրառված համաներման արդյունքում ազատ կարձակվի նաեւ Օհանյանը: Նրա եղբայրը՝ ոստիկանության Մեծամորի վարչության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը. «Չգիտեմ, որեւէ կոնկրետ բան չգիտեմ, ասացին՝ էսօր կլինի, բայց հետո ասացին՝ երկուշաբթի, երեքշաբթի, չգիտեմ՝ որն է ճիշտը: Բերդի պետն է որոշում, ամեն օր էլ կարող են թողնել, բայց դեռ ոչ մի բան չգիտենք՝ ոնց է լինելու»: Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական դիրքի չարաշահում) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացում) հատկանիշներով, ինչի արդյունքում նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Նա արդեն 2 տարի անազատության մեջ է գտնվում: Ու եթե համաներվի եւ ազատ արձակվի, այլեւս չի կարողանա վերադառնալ համակարգ:

ՓՈՐՁԵԼ Է ԱՅՐԵԼ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքի բնակիչ Նեկտար Խաչատրյանն արտառոց իրավիճակում է հայտնվել: Երեկոյան ժամին Ախպրաձորի գյուղամիջում Մարտիկ Հովհաննիսյանը պարտք ու պահանջի շուրջ վիճաբանել է Ն. Խաչատրյանի հետ ու այդ ընթացքում իր մոտ եղած բենզինը լցրել տիկնոջ վրա: Այնուհետեւ հայտարարել է, թե նրան կվառի ու կսպանի: Գյուղացիները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց հաջողվել է հանգստացնել Մ. Հովհաննիսյանին, որպեսզի հետ կանգնի Ն. Խաչատրյանին այրելու մտքից: Ոստիկանության հասարայկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 34-րդ եւ 104-րդ հոդվածների 1-ին կետերի հատկանիշներով (սպանության փորձ): Մ. Հովհաննիսյանը ձերբակալված է, կատարվում է  հետաքննություն:

ԴԺԳՈՀ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանում կարծես թե կռիվ է հասունանում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը hոկտեմբերի 5-ին՝ ուսուցիչների տոնին ընդառաջ, շնորհավորական բացիկներ է ուղարկել  դպրոցների ուսուցիչներին եւ մանկապարտեզի դաստիարակներին: Սակայն մի շարք մանկապարտեզների դաստիարակներ խիստ վրդովվել են քաղաքապետի շնորհավորանքից: «Մենք այսքան տարի աշխատենք ու բավականին բարդ աշխատանք կատարենք, եւ մեր քաղաքապետը  դայակների աշխատանքը մեր աշխատանքի հետ նույն հարթությունո՞ւմ գնահատի, սա արդար չէ»,-մեզ հետ զրույցում այսպես արձագանքեցին երեկ՝ ողջ օրվա ընթացքում, խմբագրություն ահազանգած դաստիարակները՝ հավելելով, որ այսօր՝ քաղաքապետարանի շենքում տեղի ունենալիք լավագույն դաստիարակին նվիրված միջոցառման ընթացքում, իրենք իրենց վրդովմունքը կհաղորդեն անձամբ քաղաքապետին:




Լրահոս