Հայկական դիվանագիտական կորպուսի պերճանքի ու թշվառության ամենավառ արտահայտություններից մեկն էլ Ավետ Ադոնցն է, մարդ, որի դիվանագիտական հմտություններին, հավանաբար, ոչ ոք ծանոթ չէ, ինչպես որ ծանոթ չեղավ նրա պատգամավորական գործունեությանն ու հմտություններին: Ըստ էության, բախտավոր մի մարդ, որը հայտնվել է պաշտոնական առաջխաղացումների ցանկում եւ անընդհատ «մնում է շարքերում»՝ օրավուր ապացուցելով, որ մեր երկրում կարելի է բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն պետության համար ոչինչ չանել…
Ո՞վ է հիսնամյա այս մարդը, որը հիմա զբաղեցնում է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Շատերն ասում են, որ նա Ռոբերտ Քոչարյանի կադրն է, քոչարյանական «դպրոցով» անցած մարդ: Շատերն էլ նրան անմիջականորեն կապում են Վարդան Օսկանյանի հետ՝ պնդելով, թե հենց Օսկանյանն է նպաստել այն բանին, որ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտը ներգրավվի դիվանագիտական ոլորտում եւ «սլանա» դեպի վեր…
Բուհն ավարտելուց անմիջապես հետո՝ 1985թ., նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես տնտեսագետ: Այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ Ավետ Ադոնցը բնավ էլ շարքային շրջանավարտ չի եղել, որ ազգանունը, որը հոլովվում էր ՀՍՍՀ բարձրաստիճան պաշտոնյաների շարքում, կատարել է իր վճռական դերը: Ադոնցը կես տարի ծառայել է սովետական բանակում, 1987-1991թթ. աշխատել ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ գիտական խմբի ղեկավար: 1991թ. աշխատել է ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ, ապա՝ նախարարի օգնական: 1991թ. անցել է բանկային գործի դասընթացներ Ժնեւի UBS բանկում: Այստեղ զարմանալի բան չկար, որ տնտեսագետն անցնում էր բանկային դասընթացներ, կամենում էր մոտիկից ծանոթանալ բանկային գործին, բայց զարմանալին այն էր, որ բանկում աշխատելու փոխարեն նա հայտնվեց արտաքին գործերի նախարարությունում:
1992-1994թթ. նա աշխատել է ՀՀ ԱԳՆ երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում որպես երկրորդ քարտուղար: 1993թ. անցել է դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում: 1994-1996թթ. աշխատել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունում որպես երկրորդ քարտուղար:
1998-2001թթ. աշխատել է ԵՄ-ում ՀՀ առաքելությունում որպես խորհրդական, ապա` արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Ահա այստեղ նկատվում է, որ նրանով «մտահոգվածներ» են եղել, որ ամեն ինչ արել են, որպեսզի 35 տարեկան երիտասարդն արդեն ունենա նման բարձր դիրք դիվանագիտական ծառայության մեջ: Շատերն են վկայում, որ Վարդան Օսկանյանը ջանք ու եռանդ չէր խնայում Ավետ Ադոնցի համար, անընդհատ բարեխոսում էր երկրի նախագահին նրան առավել մեծ հնարավորություններով աշխատանք տալու համար… Հենց Օսկանյանի ջանքերով էլ Ավետ Ադոնցին 2001թ. շնորհվել է խորհրդականի դիվանագիտական աստիճան: Դե, արդեն դրանից հետո էլ՝ 2002-ից մինչեւ 2007 թվականը, դարձյալ Օսկանյանի ջերմեռանդ բարեխոսությամբ աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում որպես արտաքին կապերի վարչության պետ: Իսկ արդեն 2007թ. մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Առհասարակ, մեր երկրում արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանը հաճախ է բաժանվել արեւածաղկի սերմի նման, Ավետ Ադոնցն էլ ստացել է իր բաժինը…
Բայց թե ինչու էր հանկարծ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ունեցող մարդը ընդգրկվում ԲՀԿ-ի համամասնական ցուցակ եւ գալիս Ազգային ժողով, մնում է մեր օրերի առեղծվածներից մեկը: Ադոնցն ԱԺ-ում դարձավ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Սա երեւի ամենապարապ ու ոչինչ չանող հանձնաժողովն էր, որի նախագահն օգտվում էր բոլոր արտոնություններից, սակայն որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ այդպես էլ հանդես չեկավ:
Ընդամենը երկու տարի մեկ ամիս գտնվելով ԱԺ-ում՝ Ավետ Ադոնցը հանկարծ նշանակվեց դեսպան Բելգիայի Թագավորությունում: Իսկ ինչո՞ւ հատկապես այնտեղ… Ադոնցին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ նա հասցրել էր Բելգիայում իր բիզնեսն ունենալ, դրա համար էլ շատ էր կամեցել վերադառնալ այդ երկիր… Ոմանք էլ ասում են, թե Ադոնցի ողջ «դիվանագիտական» պարտականությունն այն է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կանանց է ընդունում եւ ուղեկցում թանկարժեք խանութներ:
ԱՎԵՏ ԱԴՈՆՑ՝ «ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԴԵՍՊԱՆ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ