ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ԼՑՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշենի թռչնաբուծարանում սատկած եւ մորթված թռչունների մնացորդները լցնում են մոտակայքով անցնող ճանապարհին, որից օգտվում են Արարատի մարզի գյուղերի բնակիչները: Թռչնի մնացորդները ճանապարհի մոտ են լցվում առանց համապատասխան միջոցներ ձեռնարկելու, արդյունքում էլ ստեղծվում են հակահիգիենիկ պայմաններ: Նման բովանդակություն ունեն «Ժողովուրդ»-ին հասած բողոքները՝ խնդրանքով այս մասին բարձրաձայնել համապատասխան մարմինների մոտ:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի հետ: Այնտեղից հերքեցին, թե նման իրավիճակ գոյություն ունի: Ասացին, որ թռչունների մնացորդները բավական հեռու են լցնում, իսկ տհաճ հոտը Նուբարաշենի աղբանոցից է առաջանում եւ ոչ թռչնաբուծարանից. նրանք պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը:
Կապ հաստատեցինք նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ. մեզ  խոստացան  թռչնաբուծարանի խնդրի մասին տեղյակ պահել անասնապահության տեսչությանն ու նորություններ լինելու դեպքում անպայման տեղեկացնել:
Նշենք, որ ըստ մեր աղբյուրների` նշյալ թռչնաբուծարանի սեփականատերն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:

Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս