ՀԱՐՑ. Խնդրում եմ պատասխանել` ճանապարհային ոստիկանն իրավունք ունի՞ առանց գլխարկի մոտենալ վարորդին ու նրանից փաստաթուղթ ուզել: Եւ եթե նման բաներ անեն, իրենց ի՞նչ պատիժ է սպասվում:
Անահիտ Մկրտչյան, 26 տարեկան, ուսանողուհի-վարորդ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ, ճանապարհային ոստիկանը նման իրավունք չունի: «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, մեքենան կանգնեցնելու համար սահմանված է հետեւյալ կարգը` ցուցաձողով ուղղված դեպի վարորդը, կարմիր գույնի սկավառակով, բարձրախոսով: Իսկ ինչ վերաբերում է ոստիկաններին նախատեսված տույժին, ապա այդպիսի դեպքեր օրենքը չի նախատեսում: ճանապարհային ոստիկանները ենթարկվում են միայն կարգապահական պատասխանատվության:
«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուրադ Հովհաննիսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս հարց ու պատասխանի արդյունքում մենք մի շատ կարեւոր բան բացահայտեցինք. ճանապարհային ոստիկանները տույժեր չեն կրում: Նրանք միայն կարգապահական պատասխանատվության են ենթարկվում: Եւ գուցե դա է պատճառը, որ վարվեցողության տարրական կանոններից սկսած, էթիկայի որեւէ նորմ ճանապարհային ոստիկանները չեն պահպանում: Եւ տիկնոջ զայրույթը միանգամայն հասկանալի է. ինչո՞ւ պիտի պետական պաշտոնյան` այս դեպքում ճանապարհային ոստիկանը, առանց գլխարկի մոտենա քաղաքացուն: