ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԲԱՇԽԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում գործող գազալցակայաններում շարունակվում է բաշխիչ աշտարակների տեղադրման գործընթացը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը վստահեցնում է, որ բաշխիչ աշտարակների շնորհիվ գազալցակայանների աշխատանքը վարորդի համար կլինի թափանցիկ: Իսկ վարորդները հակառակն են պնդում` նշելով, որ դրանց տեղադրվելուց հետո գազալցակայանները սկսել են ակնհայտ խաբել իրենց, ինչը չի վերահսկվում պետական մարմինների կողմից:
Ի՞նչ է իրենից ներկայացնում բաշխիչ աշտարակը: Այն չափում է մեքենաներ լիցքավորվող գազի իրական զանգվածը կամ ծավալը, ճնշումը, ջերմաստիճանը եւ խտությունը, հաշվարկում լիցքավորված գազի արժեքը: Վահանակի վրա պետք է արտացոլվի չափման միավորի արժեքը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3), լիցքավորված գազի քանակը (զանգված կամ ծավալ, կգ կամ մ3) եւ արժեքը: Լիցքավորումը ղեկավարվում է օպերատորի կողմից համակարգչի միջոցով: Լիցքավորվող գազի զանգվածի թույլատրելի սխալը պետք է համապատասխանի արտադրող գործարանի փաստաթղթերին, բայց չի կարող գերազանցել +/-1,0% սահմանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս 2008թ.-ին է կայացրել բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը:
Այս աշտարակների տեղադրումից հետո գազալցակայանների աշխատանքը վարորդի համար պետք է թափանցիկ լիներ, եւ խաբեությունը վերանար: Սակայն որոշումն ընդունվելուց հետո այն չի կիրառվել տնտեսվարողների կողմից, քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ էր: Այդ պատճառով էլ կառավարությունը որոշ ժամանակով հետաձգեց իր որոշման իրականացումը: Եվ հարյուրավոր տնտեսվարողներ, առիթից օգտվելով, շարունակեցին աշխատել առանց բաշխիչ աշտարակների` սպառողներից պահանջելով վճարել 500 դրամ թեյավճար:
Նշենք, որ 2012-ի սկզբին ամբողջ հանրապետությունում 5 բաշխիչ աշտարակ կար: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երեւանի ընկերություններից տասը տոկոսն արդեն ուներ բաշխիչ աշտարակ: Առաջիկայում բաշխիչ աշտարակներ չտեղադրած գազալցակայանների գործունեությունը կկասեցվի:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կողմից ՀՀ-ում գործող գազալցակայաններում ստուգումներն իրականացվել են 2011-2012թթ.: Տեսչության կողմից «Ժողովուրդ»-ին ներկայացրած տվյալների համաձայն` ՀՀ-ում առկա է 303 գազալցակայան, որտեղ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 34-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն նրանց տեղադրման գործընթացն առ այսօր ընթացքի մեջ է: Չնայած տեսչության պետ Լեւոն Խալիկյանը հայտարարում է, որ 2014թ. արդեն ՀՀ բոլոր գազալցակայաններում բաշխիչ աշտարակներ տեղադրված կլինեն, եւ 500 դրամ թեյավճարի հասկացությունն ամբողջովին կվերանա, սակայն վարորդների մոտ աշտարակների առկայությունը մեծ դժգոհություն է առաջացրել:
«Իմ մեքենան ունի 13 խորանարդ գազատար բալոն, նախկինում այն լցնելու համար ես վճարում էի 2600 դրամ՝ գումարած 500 դրամ թեյավճարը, հիմա ես դրա համար վճարում եմ 3300 դրամ: Նշեմ, որ մոնիտորի անկյունում գրված է: Այսինքն՝ եթե 3300-ը բաժանենք 13-ի, ապա կստանանք համարյա 254: Փաստորեն, մեկ խորանարդ գազն ինձ վաճառում են 254 դրամով, մինչդեռ մոնիտորի մեկ այլ անկյունում գրված է, որ այն արժե 190 դրամ: Պարզվում է, որ իմ բալոնի մեջ ոչ թե 13 խորանարդ են լցրել, այլ 17 խորանարդ: Ինչպե՞ս եք պատկերացնում՝ 1 լիտրանոց շշում հնարավո՞ր է 1.5 լիտր ջուր լցնել: Ինչպես են լցնում՝ չեմ հասկանում, ֆոկուսնի՞կ են»,-վրդովված նկատեց 53-ամյա Ալիկ Թադեւոսյանը, որը 7 տարուց ավել է, ինչ տաքսի է վարում:
Իսկ թե ինչ արժե մեկ բաշխիչ աշտարակը կամ տնտեսվարողներն այն որտեղից են ձեռք բերում, տեսչությունից տեղեկացրին, որ այդ հարցն իրենց իրավասությունների շրջանակում չի գտնվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեկ բաշխիչ աշտարակն արժե 6000-15.000 դոլար: Եվ որոշ տնտեսվարողներ դրանք ներկրում են Վրաստանից, Եվրոպայից, Չինաստանից, իսկ շատերն էլ այն ձեռք են բերում Հայաստանում արտադրող ընկերություններից: Պարզվում է, որ Հայաստանն էլ հետ չի մնացել նշված երկրներից: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս աշտարակներն արտադրվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի չափիչ գործարանում: Բոլորին հայտնի է, որ գործարանի հիմնադիրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ու նաեւ հենց այս փաստը հաշվի առնելով` զարմանալի է, թե ինչու Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում սկսեցին ավելի ուշ տեղադրել այդ սարքերը: Այս առիթով զրուցեցինք Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ. «Աբովյանի չափիչ գործարանը գնվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կողմից, որտեղ ներկայումս գործում է «Մուլտի գրուպ սթոն» քարի արտադրությունը: Բաշխիչ աշտարակների արտադրության հետ ոչ մի առնչություն չկա»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս