ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի եւ հոկտեմբերի 15-ին Իտալիայի ազգային հավաքականների դեմ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Ահա այդ ցուցակը. դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Լեւոն Հայրապետյան, Արթուր Ավագյան, կիսապաշտպաններ՝ Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Մանոյան, Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Մասիս Ոսկանյան, Էդգար Մալաքյան, Արտակ Դաշյան, հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով։
Հոկտեմբերի 10-ին կայանալիք Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին:
«Զոբ Ահան»-ը հերթական հանդիպումն է անցկացրել Իրանի առաջնության շրջանակում՝ «Ֆայր Սեպասի»-ի հետ արտագնա մրցավեճն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքիով եւ հանգրվանելով մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Այս հանդիպումը մեզ հետաքրքրում է այն պատճառով, որ «Զոբ Ահան»-ում հանդես է գալիս մեր հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը, ցավոք, կրկին բացակայել է թիմի կազմից։ Իսկ խաղային պրակտիկայի պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա խաղի վրա… Իհարկե, լավ է, որ Ռոման Բերեզովսկին սկսել է մարզվել վնասվածքից հետո, սակայն մարզիկը վնասվածքից հետո սովորաբար մի քիչ ավելի զգույշ է գործում: Հույս ունենանք, որ մեր հավաքականի պաշտպաններն անսխալ կգործեն՝ դրանով իսկ թեթեւացնելով դարպասապահի գործը։
40 ՏԱՐԻ ԱՆՑ
40 տարի առաջ՝ 1973թ. հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի հանդիպումը, որտեղ «Արարատ»-ը, 2:1 հաշվով հաղթելով «Դինամո»-ին, նվաճեց ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթը: Հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ դեռ թարմ են «Արարատ»-ի անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը: Այդ հանդիպումից օրեր անց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատ»-ի եւ Լենինգրադի «Զենիթ»-ի հանդիպումը, որտեղ «Արարատ»-ի անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին՝ «Արարատ»-ը նվաճեց նաեւ Խորհրդային միության չեմպիոնի տիտղոսը…
ՀՖՖ-ն հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի խաղացողներին, մարզիչներին, վետերաններին: Իսկ թե դա ինչպես տեղի կունենա, կներկայացնենք «Ժողովուրդ»-ի հաջորդ համարում։