«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Աննա Մարգարյանը մեկն է այն հազարավոր քաղաքացիներից, որոնք, սպառելով ՀՀ բոլոր դատական ատյանները, այդպես էլ չեն հասել արդարադատության հաստատմանը: Աննան ժառանգության եւ դրա արդյունքում սեփականություն ձեռք բերելու հարցով երկարատեւ դատական վեճի մեջ է եղել իր բարեկամների՝ մորաքրոջ որդիներ Էդվարդ եւ Կարապետ Գեւորգյանների հետ: Բանն այն է, որ Աննան մոր մահից հետո իր մորաքրոջ դստեր՝ Նելլի Հաբեթյանի խնամքի տակ է գտնվել:
«Երբ Նելլին մահացավ, հայտնվեցին Էդվարդ եւ Կարապետ Գեւորգյանները եւ հայտարարեցին, որ իրենք բնակարանին տիրանալու իրավունքներ ունեն: Սկսեցին բռնություն կիրառել իմ նկատմամբ: Ախր ո՛չ Նելլիին են եկել տեսակցության եւ ո՛չ էլ խնամել են մահից առաջ, այդ ամեն ինչը ես եմ արել իմ միջոցներով»,-ներկայացրեց Աննան: Նա 2004թ.-ից պայքարում է իր ժառանգական իրավունքների ճանաչման համար. «Այսօր զրկված եմ իմ իրավունքներից: Թեպետ առանց որդեգրման փաստաթղթերի նրա հետ համատեղ բնակվել եմ մի ընտանիքում»:
Բարեկամների վեճը բոլոր դատական ատյանների կողմից քննության է առնվել քաղաքացիական դատավարության կարգով: Արդյունքում՝ վճիռը կայացվել է հօգուտ Գեւորգյանների: Աննան բողոքարկել է վճիռը` վիճարկելով մյուս կողմի ներկայացրած ժառանգության եւ այլ փաստաթղթերի արժանահավատությունը: Դիմումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով մերժվել է քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի հիմքով: Աննան բողոքարկել է նաեւ նշված որոշումը:
«Ընթացքում իմ կողմից արգելանք դրվեց բնակարանի վրա: Բայց մի օր, երբ տանից դուրս էի եկել, վերադառնալուց հետո նկատեցի, որ բնակարանի դռան փականը փոխված է: Նրանք ներխուժել էին բնակարան եւ փոխել փականը: Հարց եմ տալիս. ինչո՞ւ են իմ բացակայության ժամանակ ներխուժել իմ տուն, այդ գույքը ստեղծվել է իմ աշխատանքի միջոցով: Չէ՞ որ նրանք ապօրինի են ներխուժել բնակարան: Ավելին, հիմա այդ բնակարանը վաճառված է»,-պատմեց Աննան:
Նոտարական գործարքների հիմքերը պարզելու եւ ստուգելու նպատակով 2005թ. հոկտեմբերի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ուսումնասիրվել եւ ստուգվել են Աննա Մարգարյանի դիմումներում բերված փաստերն ու պատճառաբանությունները, որոնք ժխտվել են: Քրգործի վարույթը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ