«ԿՈՄԻՏԱՍԻՑ ՀԵՏՈ ՈՒՐԻՇ ԱԶԳ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 26-ին։ Փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները (այդ թվում՝ աշխարհի 9 երկրից եւ Արցախից ժամանած), որոնք ելույթներ էին ունեցել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում, հանդես եկան կոմիտասյան կատարումներով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. ««Կոմիտաս վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական սփյուռքի մշակութային եւ հոգեւոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ»: Ոմանք պարգեւատրվեցին նախարարության ոսկե մեդալով, ոմանք՝ շնորհակալագրերով, մասնակից երգչախմբերին եւ անհատ կատարողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ։
Բայց մեզ մոտ ծագեցին հարցեր՝ կապված սփյուռքի եւ մշակույթի նախարարության գործառույթների հետ, եւ դրա համար կան պատճառներ։ Օրինակ՝ պարզվեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործում է Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ։ Եթե դրան էլ հավելենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, ապա հասկանալի կդառնա, որ սփյուռքի նախարարությունը նաեւ մշակութային գործունեությամբ է զբաղվում: Այդ դեպքում մի՞թե հնարավոր չէ վերոնշյալ երկու նախարարությունները պարզապես տեղավորել մեկ հարկի տակ։
Հ. Հակոբյանը նաեւ ոգեւորված պատմեց, որ տարիներ առաջ Քուվեյթում տեսել է լավ երգող մի երիտասարդի, ում հրավիրել է հայրենիք, եւ այդ երիտասարդը՝ Գեւորգ Հաճյանը, այսօր Հայաստանում է։ Նախարարը դա համարեց մեծ ձեռքբերում. դեռեւս նախարար չեղած ժամանակ ասել է՝ արի՛ տուն, ու տղան էլ եկել է։ Ասենք, մի քանիսը եկան, իսկ ո՞վ պետք է հայրենիքը տասնյակ հազարներով լքողների համար պայմաններ ստեղծի, որպեսզի հետո Քուվեյթից կամ, օրինակ, Տանզանիայից տուն չկանչեն։
Բայց չմոռանանք մեծն Կոմիտասին եւ ներկայացնենք կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի խոսքը. «Պետք է հասնել այն բանին, որ Հայաստանում ամեն օր լինի Կոմիտասի փառատոն, որ դրանով ապրենք, արթնանանք, քնենք… Կոմիտասի երազանքն էր, որ իր երգը մտնի տուն, եւ այս միջոցառումները նպաստում են դրան։ Լսելով Կոմիտաս՝ ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները սովորեն ոչ թե օտարամուտ, թուրքական ելեւէջներով կլկլոցները, աֆրիկյան տարրերով պարերը, այլ վերադառնան իրենց ազգայինին։ Եթե որոշել ենք առանց Կոմիտասի պետություն ստեղծել, հասնել բարձունքների, սխալվել ենք. մենք Կոմիտասից առաջ մի ազգ էինք, Կոմիտասից հետո ուրիշ ազգ ենք»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս