ՊՆ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 7 ամիս կալանքի տակ գտնվող, ՀՀ ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որը պարունակում է մտահոգություններ Արցախի հիմնահարցի շուրջ: Այն գրվել է մայիսի 20-ին, սակայն հարազատներին միայն հիմա է հասել:

Մինչ նամակի բովանդակությանն անդրադառնալը, նշենք, որ ազգային անվտանգության ծառայության կողմից անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում:
Նկատենք, որ այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած շրջանակներն առավել հավանական են համարում, որ ԱԱԾ-ն ժամանակ կձգի, մինչեւ կլրանա նախաքննության ժամկետի մեկ տարին:
Այսպիսով, սույն գործով շուրջ 7 ամիս կալանքի տակ գտնվող ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը քառօրյա պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի առիթով բաց նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինս կասկածվում է հանցավոր խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ:
Ստորեւ ներկայացնում ենք Վահան Շիրխանյանի բաց նամակը:
«Պարո՛ն նախարար, լուրեր են պտտվում Արցախի Հանրապետության մի մասը թշնամուն հանձնելու պատրաստակամության մասին: Հին երգ է: Այդ անձինք պետք է նախօրոք իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը հետեւանքների համար, որոնք են`
1. Զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը եւ դրա «խաղաղ» հանձնումը թշնամուն: Ոչ մի միջազգային երաշխիք ի վիճակի չի լինի դա կանխել:
2. Հայաստանի սահմանակից հողերի հանձնումը թշնամուն անկայունացնելու է Զանգեզուրը, Սեւանի ավազանը՝ բազմապատկելով արտագաղթը Հայաստանից:
3. Հայությունը եւ Հայաստանը կորցնելու է ոչ միայն արժանապատվությունը, այլեւ զարգացման հեռանկարները:
4. Հայաստանում հաստատվելու է Թուրքիայի ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանությունը, չէ՞ որ Հայաստանը լիովին կապված կլինի սահմանի բացման համար Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմաններին:
5. Հայոց պատմության մեջ գրանցվելու է մեծագույն դավաճանությունը:
Պարո՛ն նախարար, դու ստանձնել ես սպարապետի պաշտոնը եւ պարտականությունները: Երկուսս էլ լավ գիտենք, որ հայ զինվորականությունը եւ հայությունը ի զորու է պարտադրել թշնամուն ճանաչել ազատ, անկախ Արցախի գոյության փաստը: Անհրաժեշտ գործողությունները եւ դրանց իրականացման ուղիները քեզ քաջ հայտնի են, Հայաստանը եւ Արցախը ազգային զարթոնքով սիամական երկվորյակներ են, եւ մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի գոյությամբ: Բաց աչքերով նայի իրողությանը: Պահպանելով Արցախը՝ մենք չեզոքացնում ենք Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգները: Արծվաշեն Գետաշեն, Շահումյան, Չարդախլու: Էլ ինչ զիջում: Վստահ եմ, որ պատվով կկատարես քո խնդիրը: Հիշի՛ր, որ միասնական Հայությունը անպարտելի է: Պարտվում է հրամանատարը, ոչ թե զինվորը: Հաղթանակ եմ մաղթում»:

Վահան Շիրխանյան

 

 

 
ԲԱՆԿՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականին գրել էր, որ «Ամերիաբանկը» մեկ ամսվա տարբերությամբ 2 տարբեր հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Սադոյանի՝ պահանջելով մեկուկես միլիարդ դրամ, ինչպես նաեւ 83 միլիոն դրամ: Դեռեւս 2015 թվականի ապրիլի 21-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Ունիկո» ՍՊԸ-ներից ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանից բռնագանձել շուրջ 1,5 միլիարդ դրամ: Իսկ մեկ ամիս անց էլ դիմել էր՝ պահանջելով, որ «ՍԱՖԻՌ» ՍՊ ընկերությունից, «ՆԱՎԹ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերությունից եւ Ռուբեն Ալֆրեդի Սադոյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձեն 173 հազար ԱՄՆ դոլար:
Նկատենք, որ պատգամավորն այս գործով եղել է երաշխավոր եւ, ահա, իր հերթին էր հակընդդեմ հայցով դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ բանկի պահանջը անհիմն է եւ ենթակա է մերժման: Եվ, ահա, առաջին ատյանի դատարանը շուրջ մեկ տարի քննելով երաշխավոր պատգամավորի եւ բանկի դատական վեճը՝ 2016 թվականի մայիսի 27-ին վճռել է. «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հայցը՝ ընդդեմ «Սաֆի» ՍՊ ընկերության, Ռուբեն Սադոյանի եւ «Նավթ Ինվեստ» ՍՊ ընկերության, բավարարել: «Սաֆիռ» ՍՊ ընկերությունից, Ռուբեն Սադոյանից եւ «Նավթ Ինվեստ» ՍՊ ընկերությունից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 173.986.79 ԱՄՆ դոլար:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն այս պատմության վերաբերյալ ասել էր. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»:
Նկատենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով դատարաններում հայտնվելը հանրապետական պատգամավորների մոտ համաճարակի պես սկսել է տարածվել: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը եւս սնանկ ճանաչվեց, նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին էլ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սնանկ ճանաչեց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻԱՅՆ ՀՐԱՁԳԱՅԻՆ
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է, որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ:

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵՑ
Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում քննիչը որոշումներ է կայացրել մեղադրյալներ Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի եւ գործակալության Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»: ԱՆ պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014 թվականներին առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

 

ՀԱՊԱՂՈՒՄ ԵՆ
Վերջերս Էջմիածնում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել: ArmLur.am-ի հետ զրույցում քննչական կոմիտեից հայտնել են, որ 10-օրյա ժամկետում դեպքին կտրվի իրավական գնահատական, իսկ այժմ դեռ անցկացվում է քննություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ Էջմիածնի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը պատանդ էր վերցրել մի շարք բնակիչների, սպառնացել էր եւ թույլ չէր տվել մեքենաներին շարժվել դեպի Երեւան: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ձգձգվում դեպքին իրավական գնահատական տալու պրոցեսը, ինչո՞ւ են քննչական կոմիտեում հապաղում նման արարքին գնահատականներ տալուց, եթե փաստերն ինքնին ակնառու են:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հաղորդագրությունում «քաղաքական հալածանք» է որակել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը եւ խստորեն դատապարտել նրա նկատմամբ «հերթական քաղաքական հետապնդումները»: Ըստ «Ժառանգության»՝ ընդդիմադիր գործչի նկատմամբ հետապնդումները «այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:




Լրահոս