ՊԱՏՎՈՎ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին քսան տարիներին Հայաստանի հանրության ընդհանրական գիտակցության մեջ մշտապես եղել է այն համոզմունքը, որ եթե մի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ՝ երկրի նախագահին պարտադրեն հողերի զիջում նախատեսող փաստաթուղթ ստորագրել, եթե նա այլընտրանք չունենա, ապա հրաժարական կտա, բայց չի համարձակվի նման փաստաթուղթ ստորագրել:

Այս գիտակցությունը եղել է բոլորի մոտ, այդ թվում նաեւ՝ իշխանությունների ներկայացուցիչների: Բոլորի համար ակնհայտ է եղել եւ մնում, որ Հայաստանի այն պաշտոնյան, որը կհամարձակվի հողեր հանձնել, նա այդպիսով կստորագրի իր մահվան դատավճիռը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ամենատարբեր իմաստներով:
Մինչ սահմանադրական փոփոխությունները, հող հանձնելուց խուսափող «ստորագրողի» խնդրի լուծումը տեսանելի եւ պարզ էր: Նախագահը հրաժարական էր ներկայացնում եւ արտահերթ ընտրություններ էին տեղի ունենում: Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի հրաժարականով ոչ միայն խնդիրը չի կարող լուծվել, այլ նաեւ կարող է սահմանադրական ճգմաժամ ստեղծվել: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը վերցնի ու վաղը հրաժարական ներկայացնի, ապա Հայաստանի կառավարման համակարգը, մեղմ ասած, կխափանվի: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահին վերապահված լիազորություններն անցնում են վարչապետին, բայց դա պետք է տեղի ունենա աստիճանաբար` նոր խորհրդարանի ձեւավորումից հետո:
Այլ կերպ ասած՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը նախ անհրաժեշտ է, որ խորհրդարանը ցրվի: Իսկ Ազգային ժողովը կարող է ցրվել հին խմբագրությամբ Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն: Նկատենք, որ նոր խմբագրությամբ Սահմանադրության խորհրդարանին վերաբերող գլուխը դեռ ուժի մեջ չի մտել եւ այն իրավական ուժ կստանա հաջորդ խորհրդարանի գործունեության սկսվելու պահից: Այսպես՝ վերը նշված 74.1. հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավել իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:
Այսինքն՝ մեկ կամ երկու ամսում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն փաստացի չկա: Ամենաարագացված տարբերակով խորհրդարանը ցրելու հիմքեր ստեղծելու համար երեք ամսից ավել ժամանակ կպահանջվի: Եթե տեսականորեն Սերժ Սարգսյանն այսօր իսկ որոշի, որ խորհրդարանը ցրելու գործընթաց է սկսում, ապա իր ծրագիրը նա կարող է կյանքի կոչել սեպտեմբերի վերջից ոչ շուտ, ավելի իրատեսական է հոկտեմբերին: Արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել խորհրդարանի ցրելուց հետո ոչ շուտ, քան երեսուն օր առաջ: Այլ կերպ ասած՝ մինչեւ խորհրդարանը ցրելու համար հիմքեր ստեղծվեն, արդեն իսկ կմոտենա ԱԺ հերթական ընտրությունների ժամանակը:
Այսինքն՝ մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը, որը պետք է տեղի ունենա եկող տարվա գարնանը, կամ ավելի կոնկրետ՝ ապրիլին, Հայաստանի ղեկավարությունը, մեղմ ասած, հույսը պետք է իր վրա դնի եւ բացառապես դիվանագիտական ճանապարհներով փորձի խուսափել որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, քանի որ նահանջի ճանապարհից՝ անհրաժեշտության դեպքում պատվով հեռանալու տարբերակից զրկված են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԹՈՒՔՈՒՄՈՒՐԸ ՏԵՂ Է ՀԱՍԵԼ
ՀՀ կառավարությունն այսօր կայանալիք նիստի ժամանակ ՀՀ Կոտայքի մարզպետարանին լրացուցիչ կհատկացնի 150 միլիոն դրամ: Կառավարության համապատասխան որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նշված գումարից 120 միլիոն դրամը ծախսվելու է Հրազդան քաղաքի մի շարք շենքերի բակերը ասֆալտապատելու նպատակով, իսկ մնացած 30 մլն դրամն ուղղվելու է բարձրահարկ շենքերի վերելակները վերանորոգելուն: Այս տարվա ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ այդ քաղաքում տիրող անմխիթար վիճակը դարձել էր ողջ հանրապետության քննարկման առարկան: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ հրազդանցիների եւ, ինչու ոչ, նաեւ հանրապետության ողջ բնակչության թուքումուրը հասցեատերերին հասել է, եւ ՀՀ իշխանությունները որոշել են Հրազդանում իրավիճակը մի փոքր բարելավել: Չնայած հաշվի առնելով, որ այդ քաղաքը շարունակում է մնալ ՀՀԿ-ի տիրապետման տակ, մյուս կողմից դժվար է ասել, թե հատկացված գումարների որ մասը արդյունավետ կծախսվի:

 

 

 

ԿԱՀՈՒՅՔ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՄԱՐ
Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այս օրերին Հայաստան չի այցելի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանից: Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակում Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակել էր որպես հայ ժողովրդի շահերի «օգտագործում իմպերիալիստական ուժերի կողմից»: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս նամակը հրապարակելուց հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն զրուցել է Աթեշյանի հետ եւ փորձել հետաքրքրվել Էրդողանին նամակ գրելու դրդապատճառների մասին: Սակայն Գարեգին Բ-ի այս հետաքրքրությանն ի պատասխան՝ Աթեշյանը ոչինչ չի արձագանքել: Այս տեղեկության մասով Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարեց. «Այս առնչությամբ ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու եւ որեւէ տեղեկություն չեմ տրամադրելու»: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս օրերին՝ Հռոմի Պապի այցի նախաշեմին, Մայր աթոռի Վեհարանը կահավորվել է նոր եւ թանկարժեք կահույքով:

 

 

ՀԱՐՈՒՍՏ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը անցած տարի վաճառել է իր ունեցվածքի մեծ մասը: 71 մլն 725 հզ. դրամով վաճառել է բնակարան՝ երկու ավտոտնակներով: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 4.8 մլն դրամով վաճառել է «Hyundai Sonata 2.4» մակնիշի ավտոմեքենան: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են 64 հզ. դոլար եւ 26 մլն 911 հզ. դրամ, դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 10 հզ. դոլար եւ 0.5 մլն դրամ: Ամսական աշխատավարձը կազմել է 700 հզ. դրամ: 2 մլն 475 հզ. դրամ էլ նա հայտարարագրել է իբրեւ վարձակալության դիմաց ստացված եկամուտ:

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ
Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։ Հանրապետության հարավային թեւում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

 

 

ԱԱԽՔ-Ը՝ ԱՐՑԱԽՈՒՄ
ՀՀ նորանշանակ ԱԱԽ քարտուղար Արմեն Գեւորգյանին նախօրեին Ստեփանակերտում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, իսկ երեկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են անվտանգության հարցերում գործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

6 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
ԵՄ-ն մտադիր է ներդնել իր սահմաններից դուրս նախագծերում կրկնակի շատ միջոցներ, քան ծրագրվել էր՝ փախստականների հոսքը կրճատելու համար։ Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավար Վերներ Հոյերը Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։ Հոյերի խոսքով՝ առաջիկա 5 տարում ԵՄ-ն այդ նպատակներին կհատկացնի հավելյալ 6 մլրդ եվրո։

 

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետ: Իսկ մինչ այդ մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Գարեգին Մխիթարյանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունիսի 22-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի արդյունքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցերին:




Լրահոս