ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է՛Լ ԱՎԵԼԻ ԿԱՃԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանում նախորդ տարի 10029 ձեռնարկություններ իրենց սերտիֆիկատները հանձնել են, գրանցումից դուրս են եկել եւ այլեւս գոյություն չունեն: Եվ, բնականաբար, դրա արդյունքում ՀՀ-ում գործազրկության մակարդակը աճել է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, վերջին տարվա ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով Հայաստանից ՌԴ մեկնածների թիվը ավելացե՞լ է, թե՞ նվազել: Դուք ի՞նչ տվյալներ ունեք:
-Դեռեւս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին եւ ինֆլյացիային, մեկնում են: Ցավոք, չի պակասում: Այս ընթացքում, այնուամենայնիվ, կարծես թե Ռուսաստանում մի քիչ առողջացման տենդենցներ կան: Բայց ամենակարեւոր ցուցանիշը՝ Հայաստանի բնակչության վերաբերյալ, որ ԱՎԾ-ն վերջերս հրապարակել էր, այն է՝ եթե նախկինում խոսում էինք 3 մլն 100 հազար պաշտոնական բնակչի մասին, ապա հիմա այդ թիվը կազմում է 2.9 մլն, գուցե մի փոքր ավել: Այսինքն՝ բնակչության թվաքանակը պաշտոնական թվերով նվազել է մոտ 200 հազարով, եւ սա ցույց է տալիս, որ արտագնա աշխատանքի մեկնելու տենդենցը շարունակվում է: Չնայած Հայաստանում տնտեսության առումով որոշակի ակտիվություն է զգացվում, այնուամենայնիվ, ՀՀ-ում աշխատանքի առումով լճացած վիճակ է: Ես էլ մի քանի անգամ ասել եմ, որ ավելի մեծ տնտեսական աճ եմ սպասում, քան պաշտոնապես հրապարակել է կառավարությունը. իմ հաշվարկով մինիմում 4 տոկոս: Չնայած դրան Հայաստանում աշխատանքի տեղավորվելը շատ բարդ է: Դրա մասին խոսում են նաեւ աշխատանքի տեղավորման գործակալությունները եւ նաեւ մարդիկ, որոնք մեզ դիմում են:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:
-Պատճառն այն է, որ մեր ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է շատ վատ վիճակում, քանի որ վերջին ճգնաժամերին տնտեսապես թուլացան: Տարիների ընթացքում կատարված սխալ քաղաքականության, անհավասար մրցակցության արդյունքում, ստվերի, կոռուպցիայի պատճառով այսօր մենք ունենք տնտեսության մեջ ակտիվ գործող շատ քիչ ձեռնարկություններ: Մյուսները թղթի վրա մնացել են, բայց իրականում նրանք այն վիճակում են, որ նոր աշխատատեղեր քիչ են կարողանում ստեղծել: Դրա համար մեր քաղաքացիները, հատկապես մարզերից, ստիպված մեկնում են Ռուսաստան, որտեղ լավ թե վատ գոնե աշխատանք գտնում են: Իսկ այստեղ աշխատանքի մեծ դիֆիցիտ կա, հատկապես ոչ կենտրոնական քաղաքներում:
-Աշխատանքի նպատակով Ռուսաստանից բացի՝ ո՞ր երկրներ են մեկնում:
-Ամենահեշտ երկիրը առայժմ մնում է Ռուսաստանը: Որոշ չափով Ղազախստանում կա ակտիվություն, որովհետեւ այնտեղ տնտեսության առումով, հատկապես բիզնես սկսելու տեսանկյունից, տեղացիները այդքան ճկուն չեն, իսկ հայերը կարողանում են: Քիչ քանակություն մեկնում է նաեւ Բելառուս, նաեւ՝ Մերձբալթյան երկրներ: Բայց մեկնողների 95 տոկոսը, եթե ոչ ավել, կողմնորոշված է դեպի Ռուսաստան:
-Պարո՛ն Մակարյան, Հայաստանից աշխատանքի նպատակով մեկնողները հիմնականում ի՞նչ մասնագիտությունների են տիրապետում:
-Բժիշկների մասով մի փոքր դադարել է հոսքը դեպի Գերմանիա, բայց ինժիներների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների առումով պահպանվում է: Իսկ եվրոպական այլ երկրներ գնում են արդեն տարբեր մասնագետներ, որոնք որ կարողանում են աշխատանք գտնել: Տենդենց կա դեպի Կանադա, որովհետեւ Կանադան աշխատուժի դեֆիցիտ ունի, ընդ որում, մի շարք ոլորտներում է այն առկա: Որոշակի աշխատուժ դեպի Լեհաստան է գնում, որովհետեւ Լեհաստանը խորհրդային միության փլուզումից հետո այն երկրներից մեկն է, որտեղ հայերի շատ մեծ քանակություն զբաղվում է առեւտրով եւ այլ գործառույթներով: Լեհաստանում կապեր են մնացել: Բացի այս, Լեհաստանում հեշտ է աշխատանք գտնել, որովհետեւ այնտեղի էկոնոմիկան զարգանում է, որից աշխատուժի պահանջարկը բարձրանում է: Լեհաստանը ներկայումս համարվում է զարգացող երկիր: Բայց նշված երկրներ մեկնողների թիվը շատ փոքր տոկոս է կազմում:
-2015 թվականին 2014 թվականի համեմատ Հայաստանում գործազրկության մակարդակը 1 տոկոսով ավելացել է: ՀՀ-ում առկա տնտեսական վիճակը ինչպե՞ս կանդրադառնա այդ ցուցանիշի վրա: Հնարավո՞ր է գործազրկության մակարդակի անկում, թե՞ աճը շարունակվելու է:
-Ո՛չ, շարունակվելու է: Հիմա 20 տոկոսի կարգի է, բայց այսօր բազմաթիվ ձեռնարկություններ վատ վիճակում են եւ փակման եզրին են: Ընկերությունները, որոնք իրենց սերտիֆիկատները հանձնել են, գրանցումից դուրս են եկել եւ այլեւս գոյություն չունեն, 2015 թվականի տվյալներով՝ կազմում են 10029, որից անհատ ձեռնարկատերերը՝ 9349-ն են, 850-ն էլ՝ իրավաբանական անձեր: Բայց սրանք միայն լուծարվածներն են, իսկ եթե սրան ավելացնենք մոտ 5000-6000 ընկերություններ, որոնք դադարել են գործել, ապա մենք 2015 թվականի կտրվածքով ունենք առնվազն 15000-16000 ընկերություններ, որոնք կամ լուծարվել են կամ չեն գործել: Սա նշանակում է, որ հսկայական թվով աշխատատեղեր կրճատվել են: Իսկ նոր ստեղծվողները շատ փոքր թիվ են կազմում: Եթե էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ի թվերի վրա հենվենք, ըստ որի՝ տարեկան 15000 նոր ձեռնարկություն է բացվում, ապա դրանք մինչեւ աշխատատեղեր ստեղծեն, համարժեք քանակներ չեն կարող ապահովել: Դրանց մի մասն էլ մի քանի ամիս հետո կարող է դադարեցնել իր գործունեությունը: Ցավոք, այսօր ՀՀ-ում գործազրկությունն աճելու միտում ունի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ
Ռուսաստանի որակի տեսչությունը բարձրաձայնում է, որ «Zara», «Mango» եւ «Belford» ապրանքանիշների վերնաշապիկները չեն համապատասխանում մաքսային միության սահմանած տեխնիկական չափորոշիչներին: Այդ մասին նշված է Ռուսաստանի որակի տեսչության ուսումնասիրության մեջ: Սակայն «Mango» կանացի հագուստի խանութ սրահի հայաստանյան մասնաճյուղի գլխավոր մենեջերը, ով չներկայացավ, ArmLur.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց այս փաստը եւ վստահեցրեց, որ հայաստանցի հաճախորդները նման խնդրի առաջ չեն կանգնի: «Մեզ մոտ կան ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական միքս արած կտորներ, որոնք չեն կարող վտանգավոր լինել: Նման բան չկա, ես Ձեզ հավատացնում եմ»,- վստահ տոնով հայտարարեց հայաստանյան «Mango»-ի մենեջերը:
Մինչդեռ Ռուսաստանի որակի տեսչության ուսումնասիրության համաձայն՝ հետազոտվել է տղամարդու հագուստի 29 տեսակ, որոնց գրեթե կեսը՝ 15 հատ, արտադրվել են Չինաստանում, Մոլդովայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Բելառուսում եւ Թուրքիայում: Արդյունքում, ՌԴ որակի տեսչությունը հայտնաբերել է խախտումներ 21 ապրանքներում. դրանց մի մասի մեջ պահանջվող նյութերի համապատասխան պարունակություն չի եղել:
Վերը նշված ապրանքների կտորը համարյա թույլ չի տվել՝ մարմինը օդ շնչի: Ըստ այդմ՝ օդի ընկալման չափանիշներով այս երեք ապրանքանիշների վերնաշապիկները չեն համապատասխանել մաքսային միության սահմանած տեխնիկական պահանջներին: Ինչն էլ, ըստ ՌԴ որակի տեսչության, համարվել է վտանգավոր:
Ի դեպ, Մաքսային միության չափորոշիչներին համապատասխանել են O’STIN, Greg, H&M, Oodji, Incity, Chkalov ապրանքանիշի վերնաշապիկները:

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է «Սպայկա» ընկերություն՝ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:
«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով՝ ծիրանը շուտ է հասունացել, եւ արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա»,- նշել է նախարար Ս. Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք:
Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:




Լրահոս