Հարց քաղաքացիներից` ե՞րբ կարող է հաշվառված ավանդատուն ստանալ իր գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս իր անունով ավանդ ունի դրած խնայբանկում: Մեզ տեղեկացրին, որ մարտ ամսին նա կարող է ստանալ իր գումարը, բայց դեռ չի ստացել: Ասացեք, խնդրեմ, թե ի՞նչն է պատճառը: Խնդրում եմ պարզաբանել:

Միրիբյան Խաչիկ Մուշեղի (Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Խաչիկ Միրիբյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալությունը նրան նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու համար հաշվառել է 2015 թվականի հուլիս ամսին:
Ավանդների փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակում նրա հերթական համարը 12046-ն է: Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունիս ամսվա ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում ընդգրկվել են ավանդատուներ, որոնք ավանդների փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակում զբաղեցնում են մինչեւ 11132 տեղերը: Հայտնում ենք, որ ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները իրականացվում են հերթականությամբ՝ համաձայն ձեւավորված ցուցակի՝ մեկամսյա պարբերականությամբ եւ ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող որեւէ դրույթ նախատեսված չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)՝ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:




Լրահոս