Հուլիսի 1-ին Գյումրիում կայացավ նորաստեղծ «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ ընտրվեցին հիմնադիր համագումարի աշխատանքային մարմինները, վարչության նախագահն ու անդամները:
Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ համախմբվել են մեկ գաղափարի շուրջ եւ հիմնել «Գաղափարակից լիբերալների ալյանս»՝ «Գալա» կուսակցություն, որի առաջնային նպատակներից է Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելը:
Համագումարի ընթացքում կուսակցության նախաձեռնող խմբի անդամները ներկայացրին կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, նաեւ հայտարարեցին կուսակցության վարչության կազմը՝ Վահան Խաչատրյան, Էդուարդ Մխիթարյան, Քրիստինա Մկրտչյան, Արմենուհի Վարդանյան, Հերմինե Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Արման Գրիգորյան: Կուսակցության նախագահ ընտրվեց Վահան Խաչատրյանը, ով նույնանուն հեռուստաընկերության ղեկավարն է:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, կարեւորելով կուսակցության ստեղծումը, ասաց. «Մեր նպատակն է պայքարել անօրինականությունների, ընտրակեղծարարությունների դեմ, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Մեր գործունեությունը հանրապետության քաղաքացու շահերի պաշտպանումն է: 11 տարի ծավալելով լրատվական գործունեություն՝ կարողացել ենք շատ խնդիրների լուծում տալ: Հիմա որպես կուսակցություն կարող ենք ավելին անել»:
Նշենք, որ կուսակցության տարածքային կազմակերպություններում ընդգրկված 365 կուսակցականներից հիմնադիր համագումարին մասնակցում էին 80-ը, կային ներկայացուցիչներ նաեւ Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերից եւ Երեւանից:
Անցած շաբաթ` հուլիսի 2-ին, տեղի ունեցավ նաեւ «Հայազն» կուսակցության երրորդ համագումարը, որի շրջանակներում կուսակցականները հայտնեցին իրենց հետագա գործունեության, առաջիկա ընտրություններում մասնակցության եւ այլ հարցերի մասին:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ այս իշխանությունները տարիներով թալանել են երկիրը, ինչպես կարողացել են, նվազեցրել են երկրի պաշարները, զարգացման հնարավորությունները, եւ այդ ամենի վերջն անհրաժեշտ է դնել.
«Այս իշխանությունները որոշել են ազգային դավաճանության միջոցով ապահովել իրենց վերարտադրությունը: Մենք չենք կարող դա թույլ տալ? Մեր շարքերում կան այնպիսի ազգասեր, սկզբունքային մարդիկ, ովքեր դա թույլ չեն տա: Ես հպարտ եմ, որ նման ընկերներ ունեմ ու մեկն եմ այդ ամբողջության: Մենք օգտագործելու ենք բոլոր լեգալ միջոցները՝ նրանց դիմակը պատռելու համար»,- խոստացավ նա: Հովհաննիսյանը կարեւորեց «Հայազնի» մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դա ինքնանպատակ չէ, նաեւ հավաստիացրեց, որ կուսակցության ցուցակները ձեւավորվելու են ազատ նախընտրության սկզբունքով:
Վարչության մյուս անդամ Արմեն Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն ընտրություններին ընդառաջ սկսել է իր էժանագին քարոզչությունը՝ իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքար ծավալելով:
«2017 թվականին ընդառաջ մենք վստահ ենք, որ ՀՀԿ-ն, գործող իշխանությունն իր բանդիտական հակումներով ունի զրոյական վարկանիշ Հայաստանի Հանրապետությունում, եւ ակնհայտ է, որ ապագա խորհրդարանական ընտրությունները, ՏԻՄ ընտրություններն ընթանալու են Հանրապետական կուսակցության եւ ՀՀԿ-ին սպասարկող բանդային հատուկ գործընթացներով եւ հանցագործություններով»,- կանխորոշեց Մկրտչյանը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ