Արսեն Լոքյանը վերընտրվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստ, որը վարում էր Խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Օրակարգում դրված էր մեկ հարց՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը: Ռեկտորի պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետում իրենց թեկնածություններն էին առաջադրել ՀՀ ՊԿԱ ռեկտորի պաշտոնակատար Արսեն Լոքյանը և ՀՀ ՊԿԱ գիտական քարտուղար, իրավագիտության ամբիոնի դոցենտՀասմիկ Ստեփանյանը:

Համաձայն սահմանված կարգի՝ երկու թեկնածուները Խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրին Կառավարման ակադեմիայի զարգացման ու բարեփոխումների իրենց հայեցակարգերի հիմնական դրույթները:

Այնուհետև ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, որին հաջորդեց փակ, գաղտնի քվեարկությունը: Խորհրդի 20 անդամներից նիստին մասնակցում էին և քվեարկեցին 18-ը: Առաջադրված թեկնածուներից Արսեն Լոքյանն ստացավ 17 ձայն, Հասմիկ Ստեփանյանը՝ 1 ձայն: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արսեն Լոքյանը:

ՀՀ ՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ այս ընտրությունը Արսեն Լոքյանի՝ ՀՀ ՊԿԱ ռեկտորի պաշտոնում պաշտոնավարման նախորդ փուլում կատարած աշխատանքի արդյունքն ու գնահատականն է: Միաժամանակ համոզմունք հայտնեց, որ առաջիկա ժամանակաշրջանում ևս Կառավարման ակադեմիան կշարունակի լինել պետական կառավարման համակարգի համար բանիմաց ու մրցունակ կադրերի պատրաստման լավագույն հաստատությունը:




Լրահոս